ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Սևանա լճի ափամերձ տարածքում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից կառուցված ապօրինի շինությունները քանդվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշենք, որ դեռ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին դատախազությունը հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում, ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները:
«2026 թվականի փետրվարի 2-ին ապամոնտաժվել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կառուցած Սևանի ապօրինի առանձնատան բացարձակ նիշից ցածր գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ: Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 14 հողամասում ապամոնտաժումներ են արվել։ Խոսքը տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական շուրջ 40 շենք-շինության մասին է։ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից էլ լուծվել է (դադարեցվել է) 2 պայմանագիր:
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի, 2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել է ևս 8 միջնորդագիր:
Վերոնշյալ միջնորդագրերը և, դրանցից բացի, դատախազության կողմից դատարան ներկայացված հայցերը վերաբերում են Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը, «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե)։ Խոսքը նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված, ինչպես նաև «Կապավոր» ՍՊԸ տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատների մասին է։