ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Փաշինյանի հետ ԱՄԷ մեկնել նաև նրա կինը` Աննա Հակոբյանը։
ՀՀ վարչապետը փետրվարի 4-ին Աբու Դաբիում մասնակցելու է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը։
Նշենք, որ երեկ` փետրվարի 2-ին, Աբու Դաբի է մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հունվարի 19-ին հայտնեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի, մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը ընդգծել է Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։
«Զայեդը» (լիարժեք անվանումը՝ Zayed Award for Human Fraternity) միջազգային մրցանակ է, որը հիմնադրվել է 2019 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններում` կաթոլիկ և իսլամական աշխարհի առաջնորդների նախաձեռնությամբ։ Այն կրում է ԱՄԷ-ի հիմնադիր առաջնորդի՝ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունը։