ՀՀ ավիաոլորտը դեռևս դուրս չի գա ԵՄ «սև ցուցակից». հայտնաբերվել են նոր խախտումներ. նախարար

Դավիթ Խուդաթյանի խոսքով` սեպտեմբերյան աուդիտից հետո արձանագրված թերությունների շուրջ 60 տոկոսն արդեն շտկված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ ՀՀ ավիաոլորտը ԵՄ «սև ցուցակից» դեռևս դուրս չի գա, քանի որ նոր խախտումներ են հայտնաբերվել։ Այսօր՝ 2025 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ, այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Գիտեք, որ աուդիտի նոր ուսումնասիրություն էր իրականացվել 2025 թվականի ընթացքում։ Աուդիտն արձանագրել էր, որ մի քանի տարի առաջ իրականացված հիմնական խոշոր աուդիտի արդյունքում արձանագրված 40 թերությունները վերացված են, սակայն ի հայտ են եկել նոր թերություններ, որոնց շտկման ուղղությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն աշխատում է»,– ասաց Խուդաթյանը։
Հարցին, թե ինչ նոր թերությունների մասին է խոսքը, նախարարը պատասխանեց, որ դրանք տարբեր բնույթի են, անհրաժեշտ են նաև օրենսդրական և կառուցվածքային փոփոխություններ։
«Սեպտեմբերյան աուդիտից հետո արձանագրված թերությունների շուրջ 60 տոկոսն արդեն շտկված է։ Մենք շարժվում ենք մյուս հարցերը շտկելու և օր առաջ «սև ցուցակից» դուրս գալու հարցը կարգավորելու ուղղությամբ»,– նշեց Դավիթ Խուդաթյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը հայկական բոլոր ավիաընկերություններին ներառեց թռիչքների անվտանգության «սև ցուցակում»։ Սա նշանակում էր, որ փոխադրողների վրա տարածվում է ԵՄ երկրների օդային տարածքում շահագործման արգելքը՝ ավիացիոն անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։ Այս ցուցակում Հայաստանը հայտնվեց այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն։
Այնուամենայնիվ, 2021 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանն ու Եվրամիությունը ընդհանուր ավիացիոն համաձայնագիր ստորագրեցին։ Սակայն այդ համաձայնագրի իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի ազգային օրենսդրությունը հարմարեցնել ԵՄ նորմերին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տնտեսական կարգավորումը և սպառողների իրավունքների պաշտպանությունը:
2025 թվականի հունվարին ՏԿԵՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ԵՄ թռիչքներ կատարելու արգելք ունեցող ավիաընկերությունների ցուցակում հայտնվելը որոշ խոչընդոտներ է ստեղծել հայկական փոխադրողների համար դեպի ԵՄ տարածք թռիչքներ իրականացնելու համար, սակայն որպես այդ խնդրի լուծում հայկական փոխադրողները դեպի ԵՄ թռիչքներ կարող են իրականացնել` օգտագործելով այլ ավիաընկերությունների օդանավեր` վերջիններիս հետ բաց վարձակալության պայմանագրեր կնքելու միջոցով։