Ե՞րբ է սկսվելու Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը. նախարարության պատասխանը

ՀՀ պատկան մարմինները մեկ տարուց ավելի է` չեն կարողանում կողմնորոշվել Գյումրիում «չոր նավահանգստի» և արդյունաբերական հանգույցի կառուցման նախագծի իրականացման ժամկետների հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik․ Հայաստանում պատկան մարմիներից որևէ մեկը չգիտի, թե երբ է սկսվելու Գյումրիում «չոր նավահանգստի» և արդյունաբերական հանգույցի շինարարությունը։ Նման եզրակացության կարելի է հանգել Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված պատասխանից։
Ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր, որ շինարարական աշխատանքները պետք է սկսվեն 2024 թվականի երկրորդ կեսին։ Արդեն 2025 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ տեղի նավահանգստի ղեկավարությունը հետաքրքրված է Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագծով։
Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգստի նախագծով․ Փաշինյան
Նախարարությունից մեր հարցերին ի պատասխան հայտնեցին, որ նախագիծը դեռ արդիական է։ Մասնավորապես, Շիրակի մարզում նախատեսվում է իրականացնել «չոր նավահանգիստ» ներդրումային ծրագիրը, որը կտեղակայվի օդանավակայանի, երկաթուղու, Թուրքիայի հետ սահմանի հարևանությամբ: Ծրագրի նպատակն է զարգացնել լոգիստիկ և արդյունաբերական ենթակառուցվածքները:
«ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվերով միջազգային փորձագետների կողմից իրականացվում է ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն՝ Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան սահմանների բացման սցենարի համատեքստում»,– պատասխանել են նախարարությունից:
Գերատեսչությունից հավաստիացրել են, որ զուգահեռաբար նախագիծը քննարկվում է տեղական և միջազգային ներդրողների և օպերատորների հետ։
Միևնույն ժամանակ, ծրագրի ամբողջական պատկերը հնարավոր կլինի ստանալ միայն իրագործելիության ուսումնասիրության ավարտից հետո: Նախարարությունից խոստացել են անհրաժեշտության դեպքում հրապարակել այն։
Հիշեցնենք, որ Գյումրիում «չոր նավահանգիստ» նախագծի մասին հայտարարվել է դեռ 2021 թվականին։ Դրա հեղինակը գործարար և ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին խորհրդական Շառլ Մալասն է։ 2023 թվականի դեկտեմբերին MTBS նիդեռլանդական ընկերությունը պատրաստել էր «չոր նավահանգստի» տեխնիկա-տնտեսական հիմնավորումը։ 2024 թվականի հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ներդրումային կոմիտեն անցկացրեց նիստ, որի ընթացքում քննարկեց և հավանություն տվեց Շիրակի մարզի համար նախատեսված նախագիծը: Ավելին, այն ցանկանում էին ներառել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, իսկ շինարարությունը նախատեսվում էր սկսել արդեն 2024 թվականի երկրորդ կեսին։
Այդ ժամանակ էլ Sputnik Արմենիայի հարցումներին էկոնոմիկայի նախարարությունից պատասխանում էին, որ իշխանություններն ակտիվորեն փնտրում են ԱՄԷ-ում, Իրաքում և Քաթարում «չոր նավահանգստի» կառուցման օպերատորին։
Այնուամենայնիվ, ինչ-որ բան սխալ գնաց: 2024 թվականին Շառլ Մալասը նախարարությունից էլեկտրոնային նամակ էր ստացել՝ «նախագիծն իմաստ չունի, քանի դեռ չի բացվել Թուրքիայի հետ սահմանը» ձևակերպմամբ ։
Հավելենք, որ 2025 թվականի հուլիսի 5-ին նախարարությունից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասել էին, որ Հայաստանում շարունակվում են աշխատանքները Գյումրիում «չոր նավահանգիստ» նախագծի իրականացման ուղղությամբ։