23–ամյա երիտասարդի մոտ 42 փաթեթ թմրամիջոց է հայտնաբերվել․ նա կալանավորվել է

Նա փաթեթները ձեռք է բերել Telegram-ալիքի միջոցով՝ դրանց իրացնելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Երևան-Սևան-Իջևան ճանապարհին մեքենաներից մեկի մեջ ջրային պարեկները հայտնաբերել են թմրամիջոցի զանգվածով 42 փաթեթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Պարեկները կանգնեցրել են մեքենան և ստուգման ընթացքում պարզվել է, որ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածներում մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ կան: Պարզվել է, որ Աշտարակի բնակիչ 23-ամյա երիտասարդը իրացնելու նպատակով տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք է բերել թմրամիջոցի զանգվածով 42 փաթեթ, որոնց մի մասը տեղադրել է Երևան-Սևան-Իջևան ճանապարհի՝ Սևանի վարչական տարածքի տարբեր հատվածներում, իսկ մի մասը գտնվում է հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «ՎԱԶ-217020»-ի մեջ»- ասված է հաղորդագրությունում:
Վարորդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ոստիկանություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և կիսամոխրացած հետքերով կաթուցիչ:
ՊԵԿ–ը բացահայտել է 23,4 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք. կա կալանավորված
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ հատվածում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի 21 փաթեթ: Նույն զանգվածով 21 փաթեթ հայտնաբերվել է նաև հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «ՎԱԶ-217020»-ի խուզարկությամբ:
Աշտարակ քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդը կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է։