ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առանձին պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, կաշառք են ստացել մի շարք քաղաքացիների օգտին ապօրինի անգործության դիմաց: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
2025 թվականի դեկտեմբերի 25-ին տեղեկացրել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակիցներից մեկը կալանավորվել է կաշառք ստանալու մեղադրանքով, ևս երկու անձի նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել կաշառք ստանալու և կաշառք տալու համար:
«Նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձանցից մեկը, նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում քաղաքացու կողմից առանց թույլտվության իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին, 2025 թվականի նոյեմբերին նրանից 200․000 դրամ կաշառք է պահանջել մինչև 2,5 միլիոն դրամի չափով տուգանք առաջացնող իրավախախտումը չարձանագրելու համար»,– ասված է հաղորդագրությունում:
Մյուս պաշտոնատար անձը ևս, տեղյակ լինելով տվյալ վարչական շրջանի հասցեներից մեկում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին, չի արձանագրել խախտումն ու 2025 թվականի հոկտեմբերին կաշառք է ստացել: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ (կաշառք ստանալ) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը: Կաշառք տված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ (պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: