ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՇՀԿ երկրների միջև հաշվարկներում ազգային արժույթների տեսակարար կշիռը վերջին տարիներին աճում է, ինչը օգնում է նվազեցնել կախվածությունը որևէ մեկ արժույթից, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։
«Վերջին տարիներին ՇՀԿ–ում հետևողականորեն աճում է հաշվարկներում ազգային արժույթների տեսակարար կշիռը, ինչը կարևոր դեր է խաղում տնտեսական կապերի ամրապնդման և որևէ մեկ արժույթից կախվածությունը նվազեցնելու գործում։ ՇՀԿ մի շարք երկրներ իրենց հաշվարկներում արդեն ակտիվորեն օգտագործում են ազգային արժույթները», – հայտարարել է Երմեկբաևը։
Նա նշել է, որ «այս գործընթացը ժամանակ է պահանջում և կախված է բազմաթիվ գործոններից»։
«2022-2025 թվականներին այդ նպատակով կողմերը փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինն աստիճանաբար ավելացնելու համար ՇՀԿ անդամ պետությունների «Ճանապարհային քարտեզ» էին իրականացնում», – ասել է գլխավոր քարտուղարը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Շանհայի համագործակցության կազմակերպության միասնական արժույթի հարց օրակարգում չկա, առաջնահերթությունների թվում է հաշվարկային ճկուն համակարգի ստեղծումը։
Երմեկբաևը ընդգծել է, որ «առաջնահերթություն է մնում ճկուն, կայուն և դիվերսիֆիկացված հաշվարկային համակարգի ստեղծումը, որը կհիմնվի անդամ պետությունների կարիքների վրա և կնպաստի առևտրատնտեսական համագործակցության խորացմանը»։
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան: