Այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում «Էպշտեյնի ֆայլերի» գաղտնազերծմամբ, ոչ այլ ինչ է, քան ամերիկյան գովաբանված արդարադատության համակարգի տապալում։
ՀԴԲ-ի գաղտնազերծած տեղեկություններն ավելի շատ նման են մարկիզ դը Սադի մասին վեպերի շարունակությանը, քան քրեական գործի:
Կտտանքներ, անչափահասների բռնաբարություններ, այլասերվածություններ, անգամ ենթադրյալ սպանություններ. այս ամենը կեղտաջրերի պես լցվել են աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջեր։
Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպես է արձագանքել ԱՄՆ–ի արդարադատության համակարգը, որը ժամանակին ամբողջ աշխարհում համարվում էր արդարության և անկողմնակալության չափանիշ:
«Էպշտեյնի ֆայլերի» պատմությունը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է գործում երկակի ստանդարտների համակարգը ամերիկյան քաղաքականության և իրավունքի ոլորտում: Դա դրսևորվել է ոչ թե քաղաքական գործիչների հայտարարություններում կամ փորձագետների մեկնաբանություններում, այլ կոնկրետ դատական որոշումներում, դատավարական գործողություններում, որոնք փաստաթղթավորել են հրեշավոր արարքների փաստերը, բայց կանգ առել այնտեղ, որտեղ սկսվել է վերնախավի պատասխանատվության գոտին։
Եվ այսպես` փորձենք առանց հույզերի հասկանալ ամերիկյան դատական համակարգի արձագանքը «սեռական զվարճանքների այգու» կազմակերպիչ Ջեֆրի Էպշտեյնին առաջադրված սեռական ոտնձգությունների ու խոշտանգումների մեղադրանքներին։
Մեկնարկային կետ համարենք Ջեֆրի Էպշտեյնի և Ֆլորիդայի Հարավային շրջանի ԱՄՆ դատախազի գրասենյակի (SDFL) միջև 2008 թվականին կնքված չհետապնդման մասին համաձայնագիրը։ Այսպես կոչված «Non-Prosecution Agreement»-ը ստորագրվել է՝ շրջանցելով դաշնային մեղադրանքները և թույլ է տվել Էպշտեյնին խուսափել անչափահասների առևտրի համար պատասխանատվությունից: Արդեն 2019 թվականին դաշնային դատարանը ճանաչել է, որ համաձայնագիրը խախտել է «Crime Victims' Rights Act»-ը՝ հանցագործության զոհերի իրավունքների մասին օրենքը: Այս եզրակացությունն արձանագրվել է SDFL-ի դատավարությամբ, սակայն որոշում կայացնող պաշտոնյաներից ոչ մեկը պատասխանատվություն չի կրել։
2019 թվականի հուլիսին Նյու Յորքի Հարավային շրջանի (SDNY) դատախազները հարուցել են «United States vs. Jeffrey Epstein» («Միացյալ Նահանգներն ընդդեմ Ջեֆրի Էպշտեյնի») քրեական գործը: Մեղադրական եզրակացությունն ուղղակիորեն մատնանշել է անչափահասների սեռական շահագործման բազմամյա սխեման: Սա առաջին դեպքն էր, երբ հանցագործությունների համակարգված բնույթը արձանագրվել է իրավաբանորեն։ Սակայն արդեն 2019 թվականի օգոստոսի 10-ին գործը փաստացի կարճվել է քննչական մեկուսարանում մեղադրյալ Էպշտեյնի տարօրինակ մահվան պատճառով։ ԱՄՆ արդարադատության նախարարությունն ավելի ուշ հաստատել է, որ ազատազրկման ռեժիմի խախտումներ են եղել, և անվտանգության տեսախցիկները չեն աշխատել, այսինքն՝ գլխավոր վկայի բռնի մահը հնարավոր չէ ապացուցել կամ հերքել։ Դա նշանակում էր մի բան՝ տեղեկություններ կրող առանցքային անձը, որը կարող էր ցուցմունք տալ ամերիկյան վերնախավի դեմ, անհետացավ իրավական դաշտից։
Հանցավոր ցանցի իրական լինելու որոշիչ դատական փաստագրումը «Միացյալ Նահանգներն ընդդեմ Գիսլեյն Մաքսվելի» («United States V. Ghislaine Maxwell») գործն էր։
2021 թվականի դեկտեմբերին դաշնային դատարանը (SDNY) Մաքսվելին մեղավոր ճանաչեց հինգ մեղադրանքով, այդ թվում՝ անչափահասների սեռական շահագործման մեջ ներգրավվելու համար։ 2022 թվականի հունիսին նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ 2024 թվականին Երկրորդ շրջանի վերաքննիչ դատարանը (2nd Circuit) դատավճիռը թողեց ուժի մեջ: Դատական որոշումը փաստացի հաստատեց՝ հանցագործությունները, ինչպես նաև զոհերը իրական էին, իսկ սխեման՝ համակարգային։ Սակայն նույնիսկ դրանից հետո գործի նյութերում տեղ գտած որևէ բարձրաստիճան քաղաքական գործիչ պատասխանատվության չենթարկվեց։ Կրկնում ենք՝ երեխաների նկատմամբ սեռական գործողություններ կատարողներից ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի «Giuffre vs. Maxwell» քաղաքացիական գործը, որի նյութերը 2024 թվականի հունվարին Նյու Յորքի դատարանի որոշմամբ մասամբ գաղտնազերծվեցին։
Չնայած նշված անձանց նկատմամբ մեղադրական դատավճիռների բացակայությանը՝ դատարանը հստակ նշեց փաստաթղթերի բացահայտման հանրային կարևորությունը։
Ահա այստեղ պայթեց տեղեկատվական ռումբը՝ այդ նյութերում հայտնվեցին ԱՄՆ նախագահներ Դոնալդ Թրամփի և Բիլ Քլինթոնի անունները։
Չնայած դրան` դատարանը հատուկ ընդգծեց, որ անունների հիշատակումը չի նշանակում մեղքի հաստատում։ Իսկ «աշխարհի ամենաարդար դատարանը» մեղք հաստատելու մտադրություն չունի. դատարանի եզրակացության մեջ մոտավորապես այսպես էր ձևակերպված հիմնավորումը։ Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու լիարժեք քննության առարկա չի դառնում այն փաստը, որ անչափահասների սեռական շահագործման վերաբերյալ գործի նյութերում բարձրաստիճան քաղաքական գործիչների անուններ են շրջանառվում։
Այսօրվա դրությամբ պատասխան չկա։
Ցուցադրական են նաև ֆինանսական ինստիտուտների դեմ գործերը։ 2023 թվականին «JPMorgan Chase» բանկը հաշտության համաձայնագիր կնքեց Էպշտեյնի զոհերի հետ՝ վճարելով 290 մլն դոլար։ Նույն թվականին «Deutsche Bank»-ը համաձայնեց վճարել 75 մլն դոլար։
Դատական փաստաթղթերում հստակ ասվում է, որ բանկերը շարունակել են սպասարկել Էպշտեյնի հաշիվները՝ չնայած հանցակազմին: Մամուլի ճնշման տակ արևմտյան բանկերը ստիպված դադարեցրին Էպշտեյնի հաշիվների սպասարկումը, բայց այստեղ հետևանքները բացառապես ֆինանսական էին և չէին ենթադրում քաղաքական պատժամիջոցներ կամ միջազգային սահմանափակումներ:
Պարադոքսն այն է, որ Էպշտեյնի գործի դեպքում դատական մարմինները գոնե մասամբ, բայց ճանաչեցին հանցագործությունների փաստերը, իսկ ԱՄՆ քաղաքական համակարգը հրաժարվեց հետևություններ անել, և գործի գլխավոր կասկածյալները մնացին քաղաքական դաշտում։
Իրավունքի և քաղաքականության միջև այս անջրպետը դարձավ գործի կարևորագույն աշխարհաքաղաքական էֆեկտ:
Արևմուտքը շարունակում է խոսել օրենքի գերակայության կարևորության մասին, մինչդեռ SDFL, SDNY և 2nd Circuit գործերով դատական որոշումների հաջորդականությունը ցույց է տալիս, որ օրենքի գերակայությունը գործում է մինչև որոշակի սահման։ Եվ երբ այդ սահմանը հասնում է ամերիկյան վերնախավի աշխատասենյակների դռներին, սկսում է դոփել տեղում։
Էպշտեյնի գործը հետխորհրդային երկրների և Գլոբալ հարավի համար դարձել է արևմտյան քաղաքական բարոյականության ձևավորման հստակ օրինակ:
Որոշ պետությունների առավելագույն պահանջներ են ներկայացվում «մարդու իրավունքների» ոլորտում, մյուսներին ներվում է արդարադատության համակարգային ձախողումը, որը հաստատվել է հենց դատարանների կողմից։ Սա է արևմտյան քաղաքական համակարգի երկակի ստանդարտների էությունը, անգամ հենց արևմտյան երկրների ներսում:
Ի դեպ, այստեղ բավականին տեղին է ուշ շրջանի Հռոմեական կայսրության հետ զուգահեռների անցկացումը։
Հիշենք, որ Հռոմեական կայսրությունն իր վերջնական անկումից առաջ շարունակում էր դատական վճիռներ կայացնել և օրենքներ ընդունել, բայց սեփական վերնախավին աստիճանաբար դուրս էր թողնում իր գործողության շրջանակից: Ժամանակակից Արևմուտքը նույն մեխանիզմով է գործում՝ դատարաններն արձանագրում են փաստերը, բայց քաղաքականությունը արգելափակում է հետևանքները:
Էպշտեյնի ֆայլերը, 2008, 2019, 2021-2024 թվականների դատական որոշումները և պատժամիջոցների խտրական կիրառման պրակտիկան արձանագրեցին գլխավորը` աշխարհակարգի արևմտյան մոդելը չեղարկել է իր գլխավոր սկզբունքը՝ «օրենքը հավասար է բոլորի համար, և բոլորը հավասար են օրենքի առաջ»։ Այն այլևս չի կարող հանդես գալ որպես արբիտր, որը ուրիշներից պահանջում է այն, ինչը չի կիրառվում իր նկատմամբ:
Կայսրությունները հազվադեպ են կորցնում իրենց ազդեցությունը մեկ սկանդալի պատճառով: Նրանք դա կորցնում են այն ժամանակ, երբ սեփական դատարանները հաստատում են հանցագործությունների առկայությունը, իսկ քաղաքական համակարգը հրաժարվում է հետևություններ անել դրանցից։ Այս իմաստով Էպշտեյնի գործը դարձավ արևմտյան արժեհամակարգի ճգնաժամի` իրավաբանորեն ձևակերպված ապացույց՝ ճգնաժամ, որի հետևանքներն արդեն դուրս են գալիս մեկ պետության և մեկ դարաշրջանի սահմաններից: