ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու նպատակով։ «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի բաց քննարկման ժամանակ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը։
Ինչպես հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը, անդրադառնալով Հայաստանի մոտեցումներին տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ՝ Անանյանն ընդգծել է հայ խաղաղապահների ներդրումը Լիբանանում ժամանակավոր տեղակայված խաղաղապահ առաքելությունում /UNIFIL/։
Նա շեշտել է, որ Հայաստանը ողջունում է Գազայի վերաբերյալ 2025թ. նոյեմբերի 17-ին ընդունված ՄԱԿ ԱԽ 2803 բանաձևը։ Անանյանը հիշեցրել է, որ Հայաստանը՝ որպես հիմնադիր անդամ, ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ վերահաստատելով հետհակամարտային կայունացման, վերակառուցման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային հանձնառությունը։
Անանյանը նաև ընդգծել է Հայաստանի հետևողական սատարումը Սիրիայի միասնականությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Հիշեցնենք` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը հունվարի 13-ին հայտնել էր, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Գազայի հատվածում ավելի քան 100 երեխա է սպանվել, ևս մի քանիսը ցրտահարությունից են մահացել, առողջական անդառնալի հետևանքների և հաշմանդամության ռիսկերի պատճառով դեռևս 2000 երեխա բժշկական տարհանման կարիք ունի։