ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik․ Ավստրիայում նախատեսվող Եպիսկոպոսաց ժողովի վերաբերյալ քննարկումներ են ընթանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Գիտեք, որ 6 եպիսկոպոսների երկրից բացակայելու արգելք է դրվել: Այս նոր իրավիճակով պայմանավորված տեղի կունենան քննարկումներ և կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ կփոխանցվեն»,- հայտնեց տեր Եսային։
Հիշեցնենք՝ հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։
Հունվարի 31-ին 6 բարձրաստիճան հոգևորականներ գործի շրջանակում հարցաքննության կանչվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։
Բացակայելու արգելք է սահմանվել Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդների՝ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի նկատմամբ։
Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։ Նման արգելքների պարագայում բարձրաստիճան հոգևորականները չեն կարողանա մեկնել երկրից։