ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարձակումների հետևանքով երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումների հետևանքով վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ։ Գրայվորոնսկի շրջանի Զամոստյե գյուղում վիրավորվել է մեկ տղամարդ։ Դրոնը հարվածել է Դունայսկի գյուղական բնակավայրի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կուլակովի ծառայողական մեքենային, երբ նա հաց էր բերում բնակավայր և գյուղի երկու բնակչի տանում էր դեղատուն։ Տուժած ուղևորին ճանապարհին հանդիպած տրանսպորտով հասցրել են Գրայվորոնսկի շրջանային կենտրոնական հիվանդանոց»,-գրել է Գլադկովն իր Telegram-ալիքում։
Նա հավելել է, որ Շեբեկինո քաղաքում ձեռնարկության վարչական շենքին ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորվել է մեկ տղամարդ։ Ինքնապաշտպանական ջոկատի մարտիկները տուժածին՝ ականապայթյունային վնասվածքով, կոտրվածքով և ոտքի բեկորային վիրավորումներով, տեղափոխել են Շեբեկինոյի շրջանային կենտրոնական հիվանդանոց։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։