Գնդերեց սարկավագների վրա հոգեբանական ճնշում գործադրելով՝ բարձրաստիճան զինվորականները փորձել են համոզել նրանց միանալ վարչապետի` եկեղեցու «բարենորոգման» ծրագրին։ Այս մասին «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում (եթերազրկվելուց հետո հեռարձակվում է առցանց) ասել է տեր Պսակ քահանա Մկրտչյանը։
«Զորամասեր տարբեր բարձրաստիճան զինվորականներ են այցելել, փորձել են տարբեր միջոցներով ճնշել գնդերեցների դիրքորոշումը, տեղեր են եղել, որ նույնիսկ ճնշումներ են եղել հոգեբանական, թույլ չեն տվել նույնիսկ կապ հաստատել հոգևոր առաջնորդի հետ, թյուր ինֆորմացիա են տարածել, որ իբր հոգևոր առաջնորդը տեղյակ է, բայց իրականության մեջ այդպիսի բան չի եղել»,– պատմել է քաղանան։
Տեր Պսակի խոսքով՝ մեկ շաբաթ առաջ էլ գնդերեց սարկավագներին հրավիրել են պաշտպանության նախարարություն` քննարկման, որ իբրև վերաբերել է ինքնասպանությունների, ինքնախեղումների դեմ պայքարին։ Այնինչ տեղում պարզվել է, որ քննարկման թեման լրիվ այլ է։
«Այդ հանդիպմանը մասնակցել է նաև պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը։ Զրույցի ժամանակ սարկավագներին ոչ ուղղակի ձևով, հարցրել են, թե ինչ մոտեցում ունեն իրենք այս ամենի շուրջ։ Մեր տղաները հակադարձել են իհարկե ուխտապահ եկեղեցականին վայել ձևով։ Այնուհետև, իմ իմացած տվյալներով, հետո իրենց առանձին, առանձին են կանչել, որտեղ արդեն ուղիղ հարց են տվել դուք ի՞նչ դիրքորոշում ունեք, միանո՞ւմ եք արդյոք «բարեկարգման» ծրագրին, թե՞ ոչ»,– ասել է տեր Պսակը։
Նշենք, որ այսօրվանից ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Ըստ քահանայի` իշխանությունն այս քայլով կամովին կամ ակամա բանակը խառնում է քաղաքականության հետ։
«Բարձրաստիճան զինվորականներ, ովքեր ունեին այլ գործառույթ, լցված էին բանակում այդ քարոզչությունը իրականացնելու գործին, մանավանդ գնդերեցների շրջանում»,– նշում է քահանան։
Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան որոշ զինվորականներ ճնշումներ են գործադրում գնդերեցների նկատմամբ՝ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին, այսինքն՝ կաթողիկոսի պաշտոնանկությունը պահանջող հոգևորականներին միանալու համար։
Նշենք, որ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ: