Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ քրգործ է հարուցվել. ԶԼՄ

Քրեական գործի հիմք է հանդիսացել այն, որ դատարանն արգելել է քաղաքապետարանին նոր մրցույթ հայտարարել, բայց արգելքն անտեսվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` դատարանի որոշումը չկատարելու պատճառով։ Այս մասին գրում է «Հետքը»։
«Մեր աղբյուրները հայտնում են, որ դեպքը կապված է գնման մրցույթ չհայտարարելու՝ դատարանի որոշումը չկատարելու հետ: Ընտրվել է խափանման միջոց, պաշտոնավարումը կասեցվել է»,– ասված է կայքում։
Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը, բայց թե ով է այդ անձը` չհայտնեցին։
«Հետքն» ավելի վաղ անդրադարձել էր այս դեպքին։ Խոսքը ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների կատարման մրցույթի մասին է։ Երևանի քաղաքապետարանը մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Իմպեքս» ՍՊԸ-ի հետ։ Նշվել է, որ պայմանագրի որակավորման և կատարման ապահովումները պետք է ներկայացվեն բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Կատարման համար թողարկման երաշխիքային ժամկետը պետք է լինի 10 տարի:
«Իմպեքս» ՍՊԸ-ն 2023թ. հունիսի 23-ին դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի գործողությունները, որը վերաբերում է աշխատանքի և ապրանքի 10 տարվա բանկային երաշխիք պահանջելուն: Քաղաքապետարանն օրեր անց՝ հունիսի 30-ին, պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ ծանուցում է ուղարկել «Իմպեքս» ՍՊԸ-ին:
Դատարանը 2023թ. օգոստոսի 23-ին որոշել է կիրառել հայցի ապահովման միջոց: Արգելվել է Երևանի քաղաքապետարանին իր կարիքների համար Երևան քաղաքում ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների ձեռքբերման նպատակով գնման գործընթաց նախաձեռնել մինչև քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
Երևանի քաղաքապետարանը ոչ միայն ընկերության հետ լուծել է պայմանագիրը, այլև հայտարարել է ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների կատարման նոր մրցույթ ու փոփոխություն կատարել բնութագրերում:
Քրեական գործի հիմք է հանդիսացել հենց այս հանգամանքը, որ հայցի ապահովման միջոց կիրառված լինելու պայմաններում, երբ դատարանն արգելել էր քաղաքապետարանին նոր մրցույթ հայտարարել, անտեսվել է ու մրցույթ է հայտարարվել՝ փաստացի չկատարելով դատարանի որոշումը: