Հարություն Հակոբյանը ծնվել է Ստեփանակերտում, բայց չորս տարեկան հասակում ընտանիքը տեղափոխվել է Ստավրոպոլ, և հենց այնտեղ է անցել նրա գրեթե ամբողջ գիտակից կյանքը։ Հարությունն իմացել է, որ հայ է, բայց շատ թույլ պատկերացում է ունեցել իր պատմական հայրենիքի, նրա պատմության ու մշակութային ժառանգության մասին։
«Ես ազգային կողմնորոշում ունեցող հայ չէի, այսինքն՝ պատկանում էի «քնած» հայերի կատեգորիային, որոնք ապրում են որևէ երկրում, տվյալ դեպքում՝ Ռուսաստանում, և գրեթե պատկերացում չունեն իրենց փոքր հայրենիքի մասին: Ստավրոպոլի մեր փողոցի բնակիչների մեծ մասը հայեր են, բայց այնտեղ մինչ օրս էլ նույն իրավիճակն է…»,- պատմում է ճանապարհորդը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում:
Բեկում եղավ, երբ երիտասարդը սկսեց YouTube-ով դիտել հայրենակիցների տեսանյութերը Հայաստանի մասին, նախևառաջ՝ Վադիմ Հարությունովի «Антитопор» նախագիծը:
Հարությունը խոստովանում է՝ իր մեջ ինչ-որ բան սկսեց արթնանալ, և մի քանի ամիս անց որոշումն արդեն կայացված էր:
«Ութ տարի առաջ ես որոշում կայացրի տեղափոխվել Հայկական լեռնաշխարհ` այնտեղ, որտեղ հազարամյակներ շարունակ ծնվել են իմ նախնիները: Ես չէի ուզում, որ իմ երեխաները որևէ այլ տեղ ծնվեն»,- ասում է բլոգերը:
Ասում է` սկզբում մտադիր էր պարզապես Հայաստանն ու Արցախը տեսնել, հետո սկսեց հրավիրել բլոգերների, մեդիայի ներկայացուցիչների. «Ես չգիտեի, չէի պատկերացնում, որ Հայաստանն այսքան գեղեցիկ է: Լեռներ շատ երկրներում կան, բայց այ մշակութային-պատմական ժառանգությունն այնքան հարուստ է, որ մինչև հիմա զարմանում եմ… Մինչև 2020 թվականը եթե որոնողական համակարգերում գրեիք «Արցախ» կամ «Լեռնային Ղարաբաղ», առաջին տեղերում մեր ճամփորդական տեսանյութերն էին լինում»:
Հարությունը հատկապես հետաքրքրվում է դժվարհասանելի վայրերով, այդ թվում՝ այնպիսի տեղերով, որոնց մասին գիտեին միայն հնագետները: Գնում են անանցանելի ճանապարհներով։ Ոտքով։ ժամեր շարունակ: Երբեմն՝ անտառների միջով, որտեղ հանդիպում են վայրի կենդանիներ, այդ թվում՝ արջեր:
Այսօր նրա ցուցակում 97 բերդ կա՝ ուրարտական, միջնադարյան, հսկայական, մոռացված, առանց ցուցանակների ու զբոսաշրջիկների: Նա հասնում էր հերթական բերդին ու հասկանում՝ սա իր նախնիներն են կառուցել: Շատ վայրերի մասին չգիտեն նույնիսկ հարակից գյուղերի բնակիչները։
«Իմ խնդիրն է գալ և շտկել դա: Լավ նկարահանել ռուսերենով ու անգլերենով և տարածել, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ հարուստ երկիր ունենք»,–ասում է Հարությունը:
Արցախ կատարած ճամփորդության արդյունքում Հարությունը գրել է «Չբացահայտված Արցախ» գիրքը: Այսօր նա շարունակում է բացահայտել Հայաստանի մոռացված բերդերն ու դժվարհասանելի վանքերը, ինչպես նաև նկարահանում և ցուցադրում է «հայկական հետքը» աշխարհի տարբեր երկրներում. արդեն Լիբանանում նկարահանված տեսանյութ ունի, իսկ մոտ ապագայում պատրաստվում է մեկնել Հարավարևելյան Ասիա: