ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Մերձավոր Արևելքում տիրող լարվածության ֆոնին Թեհրանի իշխանությունները ապաստարանների համակարգ են պատրաստում, որը նախատեսված է մոտ 2,5 մլն մարդու համար: Այս մասին հայտնել է Իրանի մայրաքաղաքի ճգնաժամերի կառավարման կազմակերպության ղեկավար Ալի Նասիրին։
Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ավելի քան 300 ստորգետնյա օբյեկտներում, այդ թվում` կայանատեղիներում և այլ ինժեներական կառույցներում, ինչպես նաև Թեհրանի մետրոյի 82 կայարաններում:
Բոլոր տեխնիկական ընթացակարգերի ավարտից և անհրաժեշտ թույլտվություններ ստանալուց հետո այդ օբյեկտները կներառվեն քաղաքացիական պաշտպանության համակարգում:
Նշենք, որ Թեհրանն ավելի քան 9 մլն բնակչություն ունի:
Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։