Սուրբ Սարգսի տոն. սիրո բարեխոսի օրվա ավանդույթներն ու սովորույթները

Հայ առաքելական եկեղեցին սիրահարներին կոչ է անում գեղեցիկ ավանդույթը չվերածել գուշակության, այլ հետևել օրվա պատգամին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանում այսօր նշվում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։
Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Տոնի նախորդ գիշերը նորահաս երիտասարդները, հատկապես աղջիկները աղի բլիթ են ճաշակում` հավատալով, որ երազում իրենց կյանքի ապագա ընկերը ջուր կբերի։
Սուրբ Սարգսի տոնը նաև համարվում է ամուսնացած զույգերի օրհնության օր: Հոգևորականներն ասում են, որ տոնի հատուկ կարգերից ու կարևոր պայմաններից մեկը պատարագին մասնակցելն է, իսկ աղի բլիթը ժողովրդական սովորույթ է։ Սուրբ պատարագից հետո էլ եկեղեցիներում երիտասարդների օրհնության կարգ է անցկացվում։
Սուրբ Սարգսի տոնը ժողովրդական մի գեղեցիկ ավանդույթ էլ ուներ։ Այդ օրը պատրաստում էին հալվա, խաշիլ, փոխինձ, աղանձ։
Պատրաստած ուտեստները սկուտեղի կամ ափսեի մեջ թողնում էին տան տանիքի կամ պատուհանագոգի վրա։ Եթե առավոտյան ուտեստի մեջ ոտնահետքեր էին հայտնվում, ուրեմն դրանք թողել էր Սուրբ Սարգսի ձին, որ հրեշտակների հետ անցել է տան մոտով։ Իսկ դա նշանակում է, որ այս տարի տան երիտասարդի բախտը կբերի, և նա կգտնի իր 2–րդ կեսին ու կամուսնանա։
Աղի բլիթ ուտելուց առաջ մազերը չսանրել ու չլողանալ. ի՞նչ հավատալիքներ են մեզ հասել
Միաժամանակ պետք է նշել, որ Հայ առաքելական եկեղեցին սիրահարներին կոչ է անում չվերածել գեղեցիկ ավանդույթը գուշակության, այլ հետևել օրվա պատգամին։
Նշենք, որ Հայաստանում Սուրբ Սարգսի օրն ազգային այլընտրանք է երիտասարդների կողմից սիրված օտարածին (կաթոլիկ) Սուրբ Վալենտինի օրվան։
Ի՞նչ դնել սեղանին Սուրբ Սարգսի տոնին. 5 լավագույն ուտեստ