Պենտագոնն ու Սպիտակ տունը Իրանի վրա հարձակվելու ծրագրեր են ներկայացրել. ԶԼՄ

Սցենարներից մեկով նախատեսվում է լայնածավալ հարվածներ հասցնել Իրանի պետական, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Պենտագոնն ու Սպիտակ տունը Իրանի դեմ ռազմական գործողության տարբերակներ են մշակել։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ ամերիկյան կողմին ներկայացվել են հարձակման հնարավոր սցենարները, որոնք մշակվել են Սպիտակ տան և Պենտագոնի համակարգման միջոցով: Դրանց թվում է այսպես կոչված «խոշոր պլանը», որը նախատեսում է լայնածավալ ռմբակոծություններ Իրանի պետական, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտներին։
Միաժամանակ դիտարկվում են նաև ավելի սահմանափակ տարբերակներ, որոնք ենթադրում են հարվածներ իրանական իշխանությունների խորհրդանշական օբյեկտներին։ Ինչպես նշում է թերթը, նման սցենարները հետագա էսկալացիայի հնարավորություն են թողնում, եթե Իրանը հրաժարվի գործարք կնքելուց։
Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
«Հաջորդ հարձակումն ավելի վատն է լինելու». Թրամփը կոչով դիմել է Իրանին
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի անցկացվող բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։
Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն