ՀՀ քննչական կոմիտեն ևս 3 բարձրաստիճան հոգևորականի արգելեց բացակայել Հայաստանից

Փաստաբանները մտադիր են բողոքարկել որոշումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը չեն կարողանա մեկնել Հայաստանից։
Այսօր ՀՀ քննչական կոմիտեում անցկացված հարցաքննությունից հետո պարզ դարձավ, որ նրանց նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ նույնպես քրեական հետապնդում է հարուցվել։
«Այս վարույթը ոչ միայն անհասկանալի է, այլև աննախադեպ ապօրինի է։ Սա պետության ուղիղ միջամտությունն է եկեղեցու ներքին կարգերին։ ՔԿ-ն վերջնականապես վերջակետ դրեց իրավաբանությանը Հայաստանում»,- ասաց նա և հավելեց՝ ենթադրվում է, որ բացակայելու արգելքը կլինի տվյալ քրեական վարույթի ամբողջ ընթացքում։
Փաստաբանը շեշտեց՝ գործընթացն ուղղակիորեն կապված է Եպիսկոպոսաց ժողովի իրականացումը խոչընդոտելու հետ։
Մուշեղ սրբազանի փաստաբան Վրեժ Խաչիկյանն էլ հայտնեց, որ իրենք հայտարարությամբ են հանդես եկել, որ նման խափանման միջոցի կարիք չկա, քանի որ բարձր հոգևորական դիրքից ելնելով, ՀԱՍԵ-ի գործունեությունից ելնելով` սրբազանը հաճախակի պետք է բացակայի։
«Արարքն էլ ոչ մեծ ծանրության է համարվում, հետևաբար առհասարակ խափանման միջոցի կարիք չկար։ Անպայման բողոքարկելու ենք»,- ասաց Խաչիկյանը։
Հիշեցնենք` Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» այսօր ՔԿ էին կանչվել 6 բարձրաստիճան հոգևորականներ` Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսներ Հովնան Հակոբյանը և Մակար Հակոբյանը, Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Հովնան սրբազանի և Նաթան սրբազանի նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ Մակար սրբազանի խափանման միջոցի մասին խոսելու վերաբերյալ արգելք է դրվել։
Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։ Նման արգելքների պարագայում բարձրաստիճան հոգևորականները չեն կարողանա մեկնել երկրից։