Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ հարուցված քրեական վարույթը խայտառակություն է։ ՀՀ քննչական կոմիտեի կողմից Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշումն այսպես է բնութագրել փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ հունվարի 29-ին լուր հրապարակվեց՝ ըստ որի ՀՀ քննչական կոմիտեն Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։ Սարոյանը հունվարի 15-ին հայց էր ներկայացրել Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ` պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին որոշումը և վերականգնել այդ պաշտոնում։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի դատարանի որոշման համաձայն` Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել է Մասյացոտնի թեմի առաջնորդ պաշտոնում, մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։
«Ստացվում է, որ գործադիր իշխանությունը միջամտում է եկեղեցու գործերին, խախտում Սահմանադրության՝ եկեղեցու և պետության անջատ լինելու սկզբունքը։ Ոչ մեծ ծանրության արարաքի մասին է խոսքը, մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսված, իսկ առաջին անգամ կատարած լինելու դեպքում մեկ այլ հոդվածով ազատազրկում պատժատեսակ չի կարող կիրառվել։ Այսինքն, սա հատուկ ուղերձ է, և սրա նպատակը Վեհափառ հայրապետի ու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելն է, որ չկարողանան Հայաստանից դուրս գալ։ Ստացվում է, որ սրանով խոչընդոտում են ՀԱԵ բնականոն գործընթացին, փորձում են խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի գումարմանը, որը պետք է տեղի ունենա Ավստրիայում։ Այս խայտառակ գործողությանը կարող ենք սպասել»,-նշել է Մելիքյանը:
Նրա խոսքով՝ այս քրեական վարույթով կարելի է նաև խուզարկությունների սպասել։
Փաստաբանը վստահեցրեց նաև, որ որևէ կերպ Վեհափառ հայրապետի կողմից կարգալույծ անելը չի կարող վիճարկվել, չնայած դեռ նմանատիպ բան չի արվել։ Միևնույն ժամանակ ընդգծեց՝ ամեն դեպքում դատական իշխանության միջոցով ՀՀ ղեկավարությունը ուղիղ կերպով միջամտում է եկեղեցու աշխատանքին։
Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Ավելի վաղ Հայաստանում դեկտեմբերի 10–12–ը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել էր։