ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ կրկին բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե բանակցությունները հիմնված լինեն հավասարության, փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։ Իսլամական Հանրապետությունը երբեք չի ծրագրել միջուկային զենքի ստեղծում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետհանդիպման ժամանակ:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կրկին պատրաստ է միջուկային գործարքի շուրջ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ և երբեք չի ծրագրել ստեղծել միջուկային զենք։ Այն երբեք չի եղել մեր պաշտպանական հաշվարկներում։ Մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցություններին, եթե դրանք հիմնված լինեն հավասարության, փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա», - ասել է նա:
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ Թեհրանը ԱՄՆ-ին թույլ չի տա պարտադրել իր կամքը:
«Մենք ոչ մի պարագայում պատրաստ չենք համաձայնել թելադրանքին և պարտադրանքին»,- ասել է նախարարը:
Արաղչին նշել է, որ Մերձավոր Արևելքի գործերին ցանկացած արտաքին միջամտություն սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, և հիմա առավել, քան երբևէ զգացվում է երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը: Իրանի արտգործախարարի խոսքով՝ իր երկիրը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կհանգեցնի տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղության պահպանմանը:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ միջուկային թեմայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ծրագիրը դեռ մշակված չէ: Նրա խոսքով՝ համաձայնության դեպքում կողմերը պետք է որոշեն բանակցությունների ձևաչափը, անցկացման վայրն ու ժամանակը։
Հիշեցնենք` Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։
Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին: