ՀՀ–ն քաղաքականապես բռնազավթված է Փաշինյանի, ֆիզիկապես՝ Ալիևի կողմից. Հայկ Մամիջանյան

Մամիջանյանը ԵԽԽՎ–ում հայտարարել է, որ 50 մարդ Հայաստանում է բանտարկված զուտ հայ լինելու համար, 19–ը` Բաքվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ–ն քաղաքականապես բռնազավթված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ֆիզիկապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ ԵԽԽՎ լիագումար նիստում այս հայտարարությունն է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա իր ելույթից առաջ մի պահ լռել է, այնուհետև բացատրել է, որ դա արել է ցույց տալու համար, թե ինչ են զգում Հայաստանում, երբ լռում են միջազգային կառույցները։
«Անսովոր է լռություն «լսել» այն դեպքում, երբ սպասում ես, որ ինչ-որ մեկը պետք է խոսի, այդպես չէ՞: Այժմ դուք ունեք նույն զգացողությունը, ինչ մենք՝ հայերս, երբ սպասում ենք միջազգային հանրության արձագանքի՝ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հարձակում է գործում Հայ առաքելական եկեղեցու վրա, հարձակվում է խոսքով և ուժով։ Լռություն: Ավելի քան 6 ամիս 4 եպիսկոպոսներ կալանքի տակ են։ Լռություն: Հայտնի բարերարն իր աջակցությունն է հայտնում Հայ առաքելական եկեղեցուն և դրա համար ձերբակալվում։ Լռություն»,– ասել է նա։
Մամիջանյանը եվրոպացի պատգամավորներին հիշեցրել է, որ խորհրդարանական ընդդիմությունը իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռներ, որին անմիջապես հաջորդեց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի` Դավիթ Համբարձումյանի ձերբակալությունը։
«Կառավարության պաշտոնյաները թիրախավորում են անհատ լրագրողներին և մի ամբողջ լրատվական գործակալություններին։ Լռություն: Ձերբակալվում են բլոգերներ, նրանցից մեկը հացադուլ է հայտարարում, և վերջինիս առողջությունն այն աստիճան է վատթարանում, որ երեկ նրան դատարան են բերել անվասայլակով։ Լռություն: Պատգամավորներին, պաշտոնաթող նախագահներին, ընդդիմադիր առաջնորդներին կա՛մ ձերբակալում են, կա՛մ արգելում բացակայել երկրից։ Լռություն: Այս սարսափելի փաստերի շարքը կարող եմ անվերջ շարունակել, քաղաքականապես իմ երկիրը բռնազավթված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ֆիզիկապես՝ Իլհամ Ալիևի»,– ընդգծել է նա։
Ընդդիմադիր պատգամավորը ԵԽԽՎ–ում բարձրաձայնել է նաև ՀՀ–ում քաղբանտարկյալների և Բաքվում պահվող` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկության խնդիրը։ Ըստ Մամիջանյանի` 50 հայ Հայաստանում, 19–ը` Բաքվում, բանտարկված են զուտ հայ լինելու համար։