ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik․ Աշխատաշուկայում թափուր հաստիքներն կան, ու հատկապես բարձր պահանջարկ ունեցող ոլորտներում նկատվում է կադրերի պակաս։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Որպես օրինակ նշեց` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ մշտապես առկա են թափուր աշխատատեղեր, սակայն, ըստ նրա, այնտեղ պահանջվում են համապատասխան կրթություն և հմտություններ։
«Միևնույն ժամանակ կան տասնյակ և նույնիսկ հարյուրավոր թափուր հաստիքներ, որոնք բարձր որակավորում չեն պահանջում։ Անձամբ այցելել եմ Միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ և տեղում ծանոթացել իրավիճակին։ Ունենք արտադրություններ, գործարաններ, որ մոտավորապես ասում են՝ ինչքան մարդկանց տաք՝ կընդունենք, սակայն հաճախ չեն գտնում ցանկացողներ, հատկապես երևանամերձ տարածքներում։ Այդ աշխատատեղերը զբաղեցնում են նաև աշխատանքային միգրանտները»,– ասաց նա։
Թորոսյանը խոսքով` աշխատանքի իրավունք ունեցող միգրանտներին էլ դիմում են սոցիալական ծառայություններին։ Աշխատանք, ըստ նախարարի, Հայաստանում կա, իսկ գործազուրկների առկայությունը պայմանավորված է տարբեր գործոններով։
«Գործազուրկներից ոմանք չեն կարողանում գտնել իրենց ցանկալի աշխատանքը, քանի որ առաջարկվող աշխատանքը կարող է լինել ծանր, հեռու բնակավայրից կամ պահանջել հմտություններ, որոնք տվյալ անձը չունի»,– նշեց Թորոսյանը
Նախարարը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե թափուր հաստիքների չհամալրվելու հիմնական պատճառը ցածր աշխատավարձն է։
«Ցածր աշխատավարձը ինքնին պատճառ լինել չի կարող։ Եթե մարդն ընդհանրապես չունի աշխատանք և հրաժարվում է, օրինակ, 80–100 հազար դրամ վարձատրությամբ առաջարկից, ապա հարց է առաջանում՝ արդյոք նա իսկապես ունի այդ գումարի կարիքը։ Իրական պատճառները հաճախ կապված են աշխատանքի առանձնահատկությունների, հեռավորության, ծանրաբեռնվածության կամ հմտությունների պակասի հետ կամ համարում են ոչ պատվաբեր, թեպետ անպատվաբեր աշխատանք չկա»,– հավելել է Թորոսյանը։
Միևնույն ժամանակ նախարարն ընդգծեց, որ պետության և կառավարության հիմնական խնդիրն է աշխատաշուկայում առաջարկն ու պահանջարկը միմյանց մոտեցնելը։ Այդ նպատակով, ըստ Թորոսյանի, իրականացվում են կրթական ծրագրեր։ Արսեն Թորսյանի խոսքով՝ գործազրկության խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում և կառավարությունը պատրաստ է շարունակել ակտիվ աշխատանքը այդ ուղղությամբ։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ժամանակակից աշխատաշուկայում գործատուի համար ամենակարևոր մրցակցային առավելությունն արժանապատիվ և արդար աշխատանքի ապահովումն է։ Նա ընդգծեց, որ անկախ իրավիճակից, գործատուն պարտավոր է ձեռնարկել բոլոր գործնական քայլերը՝ աշխատողին ապահովելու պատշաճ պայմաններով։ Անդրադառնալով երկար ժամանակ չլրացվող թափուր հաստիքների խնդրին՝ Համբարձումյանը նույնպես նշեց,թե հիմնական պատճառը ցածր աշխատավարձն է։ Նրա գնահատմամբ՝ խնդիրը շատ ավելի խորքային է և կապված է կրթական համակարգի հետ։
«Եվրոպայում էլ մարդիկ ասում են՝ էդ նույն խնդիրը կա, ուրեմն, կրթօջախներ և գործատուների պահանջներ իրար չեն համապատասխանում։ Ինչ վերաբերում է ցածր աշխատավարձերին, ապա դրանց չափը որոշում են շուկայական պայմանները»,– նշեց Համբարձումյանը։
Նրա համար բնական է, որ նորավարտ ուսանողը կարող է սկսել աշխատանքը համեմատաբար ցածր վարձատրությամբ՝ նվազագույնից ոչ պակաս, սակայն այդ փուլը պետք է դիտարկել որպես ներդրում սեփական հմտությունների զարգացման մեջ։ Վահագն Համբարձումյանի համոզմամբ՝ աշխատաշուկայի խնդիրների լուծման առանցքային ուղղություններից մեկը աշխատանքի վրա հիմնված կրթական մոդելի զարգացումն է, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի ձևավորել այնպիսի մասնագետներ, որոնք կկարողանան համալրել առկա թափուր հաստիքները տարբեր ոլորտներում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն միասնական սոցիալական ծառայություն տվյալներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հենց այս պահին 3136 թափուր աշխատատեղ կա։ Կան թափուր հաստիքներ, որոնք տարիներով չեն լրացվում հատկապես մարզերում, օրինակ` ադմինիստրատոր, անասնաբույժ և այլն։
2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ` Հայաստանի Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոններում հաշվառված է եղել 53,600 աշխատանք փնտրող: