Հայկ Սարգսյանի նկատմամբ իրավական գործընթացներ են սկսվել. Փաշինյան

ՀՀ վարչապետը նշեց, որ Սարգսյանի հարցը մի քանի անգամ է քննարկվել «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստերի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել, որին հետևել են իրավական գործընթացներ։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վերջին շրջանում պատգամավորի կողմից կուսակցության հասցեին հնչեցված դժգոհություններին։
Վարչապետը նշեց, որ Սարգսյանի հարցը մի քանի անգամ է քննարկվել «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստերի ժամանակ։
«Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ ՔՊ վարչության նիստի ժամանակ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, որին հետևել են իրավական գործընթացներ։ Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ–ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու։ Սա պետք է պարզ լինի բոլորի համար»,– հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք` ավելի վաղ ՔՊ վարչությունը կայացրել է 2 որոշում. առաջինի դեպքում Հայկ Սարգսյանին մերժել է և չի ընդգրկել նախընտրական ցուցակում, իսկ երկրորդ որոշումով մերժել է Հայկ Սարգսյանի բողոքարկումը և նրան կրկին չի ընդգրկել ՔՊ նախընտրական ցուցակում։
ԱԺ ընտրությունները, ըստ նախնական տեղեկություների, կկայանան 2026թ–ի հունիսի 7–ին։