Երևանի խցանումները կարգավորելու համար քաղաքապետարանը լուծումներ է գտել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` որքան էլ որ փորձեն խցանման հարցը կարգավորել, Երևանը շարունակելու է մնալ ոչ հարմար վիճակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Երևանում մարդատար մեքենաների քանակի շատ մեծ տեմպերով ավելացումը խիստ մտահոգել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին, և նա այն կարծիքին է, որ հարցը շարունակական լուծումների կարիք է ունենալու։ Այս մասին Ավինյանն ասաց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ավինյանի խոսքով` նախատեսում են առաջին հերթին երթևեկությունը կառավարել արհեստական բանականությամբ խելացի լուսացույցերի ներդրմամբ, որի համար կպահանջվի մետ մեկ ու կես տարի։
ՀՀ–ում գրանցված 1 մլն տրանսպորտային միջոց կա. նախարարը` խցանումների մասին
Հաջորդ լուծումը, ըստ նրա, 18– մետրանոց 250 ավտոբուսների գնումն է, որով քաղաքապետարանը կամփոփի հանրային տրանսպորտի ոլորտի ռազմավարությունը։
Որպես լուծման մի տարբերակ էլ Ավինյանը մատնանշեց Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը, որը մոտավորապես 22 տոկոսով կավելացնի մետրոյից օգտվողների քանակը։
«Մարդատար մեքենաների սահմանափակումները կիրագործենք այն ժամանակ, երբ վերգետնյա տրանսպորտի ռազմավարությունն ամբողջովին կիրականացնենք»,– հայտարարեց քաղաքապետը։
Ինչ վերաբերում է տրոլեյբուսներին, ապա նա տեղեկացրեց, որ դրանք արտադրության փուլում են և այս տարվա առաջին կիսամյակում ակնկալում են, որ կստանան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց` որքան էլ, որ փորձեն խցանման հարցերը կարգավորել, Երևանը շարունակելու է մնալ ոչ հարմար վիճակում։
«Միաժամանակ կարծում եմ, որ այս պրոցեսը բերելու է մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը, քանի որ, օրինակ, արդեն շատերը վաճառում են Երևանի իրենց բնակարաններն ու գնում արվարձաններ, մարզեր, որտեղ չկան խցանումներ»,– հայտարարեց վարչապետը։
Երևանի խցանումների խնդիրը մի շարք լուծումներ ունի․ ինչ են առաջարկում մասնագետները
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ավելացրեց, որ խցանումների կարգավորման համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն արդեն երկու հանդիպում է ունեցել, արձանագրել ու դուրս է բերել այն հիմնական անելիքները, որոնք կարող են առաջին փուլում էական նշանակություն ունենալ։
«Երթևեկության կարգավորման հետ կապված մենք ունենք երկարաժամկետ, միջնաժամկետ ու կարճաժամկետ անելիքների պլան։ ՆԳՆ–ի հետ համատեղ պատրաստել ենք ցանկ, որը հաջորդ շաբաթվա ընթացքում կուղարկենք քաղաքապետարան։ Այս քննարկումները շարունակական են լինելու»,– վստահեցրեց Խաչատյանը։
Նա տեղեկացրեց, որ հրավիրված փորձագետներից մեկը փաստել է, որ բոլոր մեծ քաղաքաներում խցանումների այս խնդիրն առկա է, որը կապված է մարդկանց եկամուտների ավելացման, տրանսպորտային սեփական միջոցներ ունենալու ավելի բարձր հակվածության հետ։ Միաժամանակ փոխվարչապետը նկատեց, որ հանրային տրանսպորտի ծառայությունների որակի բարձրացումն առաջնահերթ է այս հարցի կարգավորման համար, որ միջնաժամկետ հեռանկարում կարողանանք կայուն արդյունքներ արձանագրել։
Երևանի երթևեկության կազմակերպման համար նոր հիմնարկ կստեղծվի․ ինչ գործառույթներ է ունենալու
Ի դեպ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ 2025 թ. տարեվերջին հայտարարեց, որ հատապես մայրաքաղաքում օդի աղտոտվածության և խցանումների կարգավորման համար որոշել են օրենսդրական փաթեթ մշակել։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան, թե ի՞նչ փուլում է այդ փաթեթի մշակումը, ԱԺ–ի լրատվական ծառայությունից մեզ հայտնել էին, որ այս պահին լրացուցիչ մանրամասներ չեն կարող հայտնել։