ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Բրյուսելում առաջին անգամ բացահայտ խոստովանեցին, որ ԵՄ պետությունների մեծ մասը պատրաստ չէ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ամփոփելով ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի արդյունքները։
Նախարարի խոսքով՝ հանդիպման ժամանակ ակնհայտ է դարձել, որ Բրյուսելը և անդամ երկրների զգալի մասը միտված են ռազմական գործողությունների շարունակմանը:
«Բացահայտ ասվեց, որ Եվրամիությունը պատրաստ չէ խաղաղության։ Շատերն ուղղակի հայտարարեցին, որ մերժում են խնդրի խաղաղ լուծման հնարավորությունը։ Առաջին անգամ դա ասվեց այդքան բացահայտ», - նշել է Սիյարտոն հունգարացի լրագրողների հետ զրույցում։
Հանդիպումից հետո նախարարի ասուլիսը հեռարձակվել է հունգարական «M1» հեռուստաալիքով։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։