Ձմեռային զորակոչի ժամկետը երկարաձգվեց

Այսպիսով զորակոչի ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թ. ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը կբացառվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ–ում 2025 թ–ի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը հունվարի 31–ից երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշման ընդունումը պայմանավորված է 2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Այսպիսով, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, 2025 թ. ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թ. ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը կբացառվեն։
ԶՈւ համալրումն անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ երկրի անվտանգության համար. Աբրահամյան
Նշենք, որ ՀՀ–ի արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը հայտարարված էր 2025 թ. նոյեմբերի 24-ից մինչև 2026 թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների դեպքում` 2026 թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։