Չինաստանում մահապատժի են ենթարկել սպանության և խարդախության համար դատապարտված 11 անձի. ԶԼՄ

Հանցագործները մեղավոր են ճանաչվել նաև Չինաստանի 14 քաղաքացիների սպանության և վեց անձանց վիրավորելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Չինաստանում մահապատժի են ենթարկել սպանության, խարդախության և թմրանյութերի վաճառքի գործերով մեղավոր ճանաչված հանցավոր խմբավորման 11 անդամներին։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այսօր հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Գերագույն ժողովրդական դատարանից որոշումը և մահապատժի կատարման հրամանը ստանալուց հետո Չժեծյան նահանգի Վենչժոու քաղաքի միջին աստիճանի ժողովրդական դատարանը օրենքի համաձայն հրապարակել է վճիռն ու իրականացրել մահապատիժը 11 հանցագործների նկատմամբ», – հաղորդել է հեռուստաընկերությունը։
Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազությունը հայտնել էր, որ 2025 թվականի սեպտեմբերի վերջին Վենչժոուի միջին աստիճանի ժողովրդական դատարանը մահապատժի է դատապարտել «Մին ընտանիք» հանցավոր խմբավորման 11 անդամների՝ կանխամտածված սպանության, խարդախության, մարդկանց անօրինական պահման, խաղատուն ստեղծելու, թմրանյութերի վաճառքի և մարմնավաճառություն կազմակերպելու համար։
Դատախազությունը պահանջում է մահապատժի ենթարկել Հարավային Կորեայի նախկին նախագահին
Հաղորդվում էր, որ հանցավոր խմբավորումը գործել է Մյանմայի հյուսիսում՝ Չինաստանի հետ սահմանին, խարդախության զոհ են դարձել Չինաստանի քաղաքացիները: 2023 թվականի նոյեմբերին հանցավոր խմբի առաջնորդներ Մին Գոպինը, Մին Ծյույլանը և Մին Չժենչժենը կալանավորվել էին, իսկ խմբի առաջնորդ Մին Շյուեչանը ինքնասպան է եղել ռեյդի ժամանակ: Նույն թվականի աշնանը Մյանման Չինաստանին է արտահանձնել հեռահաղորդակցության ոլորտում խարդախության մեջ կասկածվող մեծ թվով անձանց:
Նշվում էր, որ «Մին ընտանիքը» գործել է 2015 թվականից և առնչություն է ունեցել մոլախաղերի ոլորտի հետ և ավելի քան 10 մլրդ յուանի ​​(մոտ 1.4 մլրդ դոլար) խարդախություններ է իրականացրել: Հանցագործները նաև մեղավոր են ճանաչվել Չինաստանի 14 քաղաքացիների սպանության և վեց անձանց վիրավորելու համար: