Չի կարող հավերժ դատաքննություն լինել․ դատավորը՝ Բագրատ սրբազանի և ևս 17 անձի գործով նիստին

Հերթական դատական նիստում շարունակվում էր ապացույցների ներկայացման փուլը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքարի» 17 աջակցի գործով հերթական դատական նիստին դատավոր Կարեն Ֆարխոյանը բարկացավ, որ պաշտպանական կողմը առարկություններ է ներկայացնում, ոչ թե ապացույցների ծավալն են քննարկում։
Նշենք, որ հունվարի 29-ի նիստի ժամանակ շարունակվում էր ապացույցների ներկայացման փուլը։
Մեկնարկից առաջ նիստին ներկա քաղաքացիները «Սրբազան պայքար» գրվածքով շարֆերը վեր պարզած ողջունեցին մեղադրյալների կարգավիճակ ունեցողներին։ Կարգադրիչը քաղաքացիներին հորդորեց չպարզել այդ շարֆերը ու ընդգծեց՝ քաղաքական ակցիա իրականացնելու տեղ չէ նիստերի դահլիճը։
Մեղադրյալ Աղվան Արշակյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր պաշտպանյալի նկատմամբ ներկայացված մեղադրանքը զավեշտ անվանեց։ Նա ընդգծեց՝ Արշակյանին առկա ձայնագրության 2 առանձին փաստական տվյալի հիման վրա է մեղադրանք առաջադրվել։
«Մի դրվագում ասվում է, որ Աղվան Արշակյանը ցուցակ է ներկայացրել, իսկ մյուս դրվագում էլ ենթադրյալ Արշակյանը սրբազան ներկայացող անձին հարցնում է «ինչ ենք անելու», իրեն էլ պատասխանում են՝ «օրը կգա՝ կիմանաք»։ Սրանով է Աղվան Արշակյանը մեղադրվում ահաբեկչության նախապատրաստման համար»,- նշեց Հարությունյանը։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ իր պաշտպանյալներին մեղսագրվող արարքների վերաբերյալ մի շարք տվյալներ ներկայացրեց՝ ընդգծելով, որ առաջադրված մեղադրանքները անհիմն են։ Հիշեցրեց, որ ըստ մեղադրանքի՝ պետք է ավտոբուսներ վառվեին, ավտոմեքենաներ, խանութներ կոտրեին, հոսանքազրկումներ իրականացվեին, ինչն էլ պետք է նկարահանվեր ու սոցցանցում տեղադրվեր։
Խուդոյանը խնդրեց դատախազին, որպեսզի մատնանշեն, թե ինչ ապացույցներ կան, որ նման բաներ էին տեղի ունենալու։
«Ըստ հանրային մեղադրողի՝ պետք է նաև ինտերնետ կապը խափանեին, բայց այդ դեպքում ինչպես էին իրենց ենթադրյալ արարքները տեղադրելու սոցցանցերում։ Անհասկանալի է»։
Դատախազն էլ ընդգծեց, որ Խուդոյանի ձևակերպումներն ու պնդումները ոչ այլ ինչ են, քան մեղադրանքից պաշտպանվելու օրենքով չարգելված տարբերակ։ Շեշտեց՝ իր համար՝ որպես իրավաբան, ընդունելի է այդ տարբերակը, բայց առհասարակ ընդունելի չէ, քանի որ ուղղված չէ դատարանին, այլ հանրային կարծիքի ձևավորման համար է։
Քննարկումների ժամանակ Աղվան Արշակյանը հայտարարեց, որ իր ինքնազգացողությունը վատացավ, հայտարարվեց 10 րոպե ընդմիջում։
Վերադարձից հետո Վահագն Չախալյանի փաստաբանը՝ Ալեքսան Թումասյանը միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխարինելու համար։ Ընդգծեց՝ երկու դատական նիստ է՝հարցը բարձրացնում են, բայց հնարավորություն չեն ունենում քննարկել այն։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ ի գիտություն վարույթի մասնակիցների, շեշտեց՝ մինչև ապացույցների ծավալի հարցը չքննարկվի, այլ հարցեր չեն քննարկվելու։
Բագրատ սրբազանը դատական նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ ու շեշտեց՝ այսօրվա քննարկվածներն ապացույցներ չեն, սրանք ինչ-որ անձանց կողմից արձանագրված փաստագրություններ են։
«Ապացույցը չի կարող ինչ-որ հատվածներով լինել, ընդհատված, չի կարող այդ ամենը ապացույց լինել։ Ինչ է հաստատում ձայնագրությունը, ահաբեկչության մասին տխրահռչակ փաստաթուղթը, իմ տնից գտնված գամերը։ Այս փաստաթղթի մասով մինչև հիմա ՔԿ ղեկավարը լուռ է, ծպտուն չկա, չի էլ լինելու, որովհետև նա անպատասխանատու զրպարտող է։ Ահաբեկչության համար պետք է լինի օբյեկտը կամ օբյեկտները, օրը, ժամը և տեղը, բայց նման բան չկա»,- ասաց սրբազանը։
Շեշտեց՝ սա զրպարտություն է, քանի որ կիսատ ու նենգափոխված գործ է։
Դատավոր Ֆարխոյանը դժգոհեց պաշտպանական կողմից, որպեսզի նրանք առարկություններ չներկայացնեն, այլ ամբողջական ապացույցների ծավալը ներկայացվի։ Ընդգծեց՝ 3-4 նիստ է արդեն ապացույցների ծավալն է քննարկվում, եթե այլ բան չկա ներկայացնելու, հետևաբար իրենք էլ իմանան ու կարողանան հստակ շարունակել նիստերը։
Նա նշեց՝ չի կարող այնպես լինել, որ հավերժ դատաքննություն լինի։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 5-ին, ժամը 15։30։