Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը շուկայի վրա զրոյական է. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը ՌԴ–ից պրեմիում բեզնին է ներկրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Ադրբեջանից Հայաստան ներմուծված բենզինը չի նվազեցրել ՀՀ-ում բենզինի գինը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա նկատեց, որ դեռ իր նախագահության օրոք (1998–2008 թթ) Հայաստանում բենզինի պահանջարկը տարեկան 250-300 հազար տոննա էր։
Ռոբերտ Քոչարյան
Ավելի վաղ հայտնել էինք, որ անցյալ տարվա դեկտեմբերին, մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ, Հայաստան ադրբեջանական բենզինի խմբաքանակ է ժամանել. 1200 տոննա նավթամթերքը տեղափոխվել է Վրաստանի տարածքով։ Իսկ հունվարի սկզբին Ադրբեջանը նավթամթերքի նոր խմբաքանակ է ուղարկել՝ 6100 տոննա բենզին և 1500 տոննա դիզվառելիք։
«Հիմա թվերը փոխվել են, բայց քանի՞ տոննա է բերվել Ադրբեջանից։ Թվերն այս պահին կոնկրետ չեմ հիշում, բայց այս թիվը պահանջարկի մեկ տոկոսն էլ չի կազմում ու չի կարող գնային ազդեցություն ունենալ Հայաստանի շուկայի վրա։ Զրո ազդեցություն է, քանի որ մեկ տոկոս էլ չի կազմում։ Դրա համար խոսակցությունները, թե դրա շնորհիվ գներ են իջել, աբսուրդ են և հիմարություն։ Անունը քարոզչական բենզին եմ դրել»,– ասաց նա։
Ըստ ՀՀ 2-րդ նախագահի` ՀՀ-ում բենզինի գինը որոշակիորեն նվազել է, քանի որ համաշխարհային շուկայում նավթի գինն ընկել է։
«Նավթի արտահանումը շատացել է Սաուդյան Արաբիայի, Միացյալ Նահանգների, Կանադայի հաշվին. սա բերել է նավթի գնի էժանացման, ինչն ավտոմատ իր հետ բերում է գնիջեցում»,– շարունակեց նա։
Ռոբերտ Քոչարյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը չունի բենզինի այնքան ծավալ, որ կարողանա լայն արտահանում իրականացնել։
«Ադրբեջանն ունի մեկ նավթավերամշակման գործարան, ինչը հազիվ է բավարարում հենց Ադրբեջանի պահանջարկը։ Անցած տարիներին ՌԴ-ից Ադրբեջանը 120 հազար տոննա «պրեմիում» կարգի բենզին է ներկրել։ Հարց է՝ ՀՀ եկած բենզինն ադրբեջանակա՞ն է, թե՞ ռուսական։ Ի վերջո, ո՞վ է շահում՝ ապրանք գնո՞ղը, թե՞ վաճառողը. այսինքն՝ ՀՀ-ում գեներացված գումարները գնում են Ադրբեջա՞ն»,– ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը պետք է միանան, Քոչարյանը հիշեցրեց, որ երկու երկրներն էլ էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների ավելցուկ ունեն և միմյանց վաճառելու իմաստ չկա։