Վտանգավոր քարոզչություն. ամերիկահայերին մտահոգել են Մեհմեդ Օզի հայտարարությունները

Մեհմեդ Օզը ժամանակին փորձում էր Սենատի անդամ ընտրվել, սակայն հայկական կառույցները տապալեցին այդ փորձը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը վտանգավոր և թունավոր քարոզչություն է անվանել «Medicare» և «Medicaid» Services կենտրոնների ադմինիստրատոր Մեհմեդ Օզի գործունեությունը։
Մասնագիտությամբ բժիշկ Օզն ունի թուրքական և ամերիկյան քաղաքացիություն, հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ իր մտերիմ կապերով։ Անկարայի փաստացի լոբբիստը վերջին շրջանում հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով՝ հայերին մեղադրելով Լոս Անջելեսի առողջապահության ոլորտում խարդախության սխեմաներ կիրառելու մեջ։
Համբարյանն Օզի «բացահայտումներում» էթնիկ հարցը խաղարկելու և առողջապահության ոլորտի խնդիրների համար քավության նոխազներ գտնելու փորձեր է տեսնում։ Ավելի աբսուրդային է, երբ դա անում է երկքաղաքացիություն ունեցող անձը։
«Օզի ներկայիս գործունեությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայ դատի հանձնախումբը ճիշտ է վարվել՝ 2022 թվականին տապալելով նրա ընտրությունը Սենատում»,– X սոցցանցում գրել է Համբարյանը։
Ավելի վաղ «LA Times»-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են ամբողջ Կալիֆոռնիայում նպաստների հետ կապված խարդախությունների լայնածավալ հետաքննության մասին։ Հոդվածում, ի թիվս այլոց, մեջբերվում են Օզի խոսքերը, որը հայտարարել է այդ սխեմաներում «ռուսական և հայկական հանցախմբերի» մասնակցության մասին։ Նա այդ ամենը ներկայացրել է որպես «օտարերկրյա ազդեցություն», որը հյուծում է առողջապահության պետական ծրագրերը և բժշկական օգնությունն անհասանելի է դարձնում ամերիկացիների համար։
Այդ անտարբերությունն օգտագործում են մեր դեմ. ՀՅԴ–ն` Հայոց ցեղասպանության լոբբինգի մասին