ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության, սակայն անհրաժեշտության դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի ինքն իրեն և հզոր պատասխան կտա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։
Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Իրանի ափերին է մոտենում ԱՄՆ–ի հզոր ռազմածովային նավատորմը: Նա նշել է, որ Իրանի ժամանակը սպառվում է, և կոչ Է արել Թեհրանին արագ նստել բանակցային սեղանի շուրջ:
«Վերջին անգամ, երբ ԱՄՆ-ն անպատասխանատու կերպով ներքաշվեց Աֆղանստանի և Իրաքի պատերազմների մեջ, ծախսեց ավելի քան 7 տրիլիոն դոլար և կորցրեց ավելի քան 7 հազար ամերիկացու կյանք։ Իրանը պատրաստ է երկխոսության` հիմնվելով փոխադարձ վստահության և շահերի վրա, սակայն եթե ստիպեն, ապա Իրանը կպաշտպանի իրեն և աննախադեպ պատասխան կտա»,-ասված է առաքելության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։