ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 1-ին Աբու Դաբիում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ ռուսական պատվիրակությունը պարբերաբար ցուցումներ է ստանում պետության ղեկավարից: Ինչ վերաբերում է բանակցությունների մանրամասներին, ապա, Պեսկովի խոսքով, հրապարակային քննարկումը միայն վնասում է գործին:
«Քննարկումները շատ զգայուն թեմայի շուրջ են, շատ բարդ բանակցություններ են։ Եվ դրանց ընթացքում ինչ-որ առանձին հատվածների հրապարակավ քննարկումը վնաս է հասցնում բանակցություններին», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Հիշեցնենք` հունվարի 23-ին Աբու Դաբիում կայացել են անվտանգության հարցերով եռակողմ խորհրդակցություններ, որոնք շարունակվել են հունվարի 24-ին։ Ռուսաստանի բանակցային խումբը գլխավորել է զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Ուկրաինական խումբը գլխավորել է ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը: Հունվարի 24-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հաստատել է ընթացիկ շաբաթվա ընթացքում եռակողմ բանակցությունների նոր փուլ անցկացնելու ծրագրերը:
Եռակողմ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կողմերը քննարկել են 20 կետից բաղկացած պլանը և «խնդրահարույց հարցերը», որոնց թիվը զգալիորեն նվազել է: