ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Որդեկորույս ընտանիքները, որպես կանոն, նոր երեխա ունենալու որոշումը չեն կայացնում զոհվածին «փոխարինելու» համար, այլ փորձում են վերադառնալ ողբերգությունից առաջ ունեցած կյանքին` լցված իմաստով, ձայներով ու գույներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց բժիշկ-վերարտադրողաբան Լուսինե Բալայանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանում գործում է պետական ծրագիր, և զոհված զինծառայողների ծնողները կարող են կրկին երեխա ունենալ, այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ: Վերջին տվյալներով՝ այս ծրագրի շնորհիվ 81 երեխա է լույս աշխարհ եկել:
Կյանքին ասել «այո՛»
Ըստ Բալայանի՝ կորուստ ապրած ընտանիքում երեխայի ծնունդը ոչ թե հայրենասիրական քայլ է կամ կորուստը լրացնելու փորձ, այլ գիտակցված ընտրություն՝ հօգուտ կյանքի, սիրո և հույսի: Նա այդ համոզմունքին է հանգել այդպիսի ընտանիքների հետ աշխատանքի ընթացքում:
«Մի ակնթարթում այդ մարդիկ կորցնում են կյանքի գույներն ու ձայները: Երեխայի ծնունդը նրանց համար կյանքի նոր իմաստ գտնելու և դրանից կառչելու փորձ է»,-ասում է բժիշկը:
Միաժամանակ ծնողներից շատերը նորածնի մեջ ակամա փնտրում են զոհված որդու դիմագծերը: Բայց բժշկի խնդիրն է ոչ թե օգնել, որ կորուստը «փոխարինեն», այլ հնարավորություն տալ, որ ընտանիքի կյանքը նոր իմաստով լցվի։
Բալայանն օրինակ է բերում է իր բուժառուներից մեկի՝ Սոնա Մանուկյանի պատմությունը: Ծննդաբերությունից հետո կինը խոստովանել է, որ շատ է կարոտում զոհված որդուն և կցանկանար նորածնին նույն անունով կոչել՝ Սամվել:
«Ես նրան միայն մի բան ասացի` այսօր ծնվել է Սամվելի կրտսեր եղբայրը` իր սեփական ճակատագրով, անունով ու կենսագրությամբ»,- պատմում է բժիշկը:
Երբ երեխային դրել են մոր կրծքին, նա նայել է փոքրիկին ու կամացուկ ասել. «Մանվել»: «Դա նրա ներքին ուժի պահն էր», - նշում է Բալայանը:
Երեխային զոհված որդու անունով կոչելու ձգտումը մասնագետը բնական ռեակցիա է համարում, ողբերգությունը չեղարկելու և անցյալին՝ «մինչ այդ» եղած կյանքին վերադառնալու փորձ:
Լռություն, որը չի կարելի խախտել
Բալայանի խոսքով` նման կանանց մոտ երեխաների ծնունդը սովորաբար ուղեկցվում է առանձնահատուկ լռությամբ, որը մյուսների ցավի հանդեպ հարգանքի դրսևորում է և տեղի ունեցած հրաշքի արձագանք:
«Այդ լռությունը չի կարելի լցնել բառերով: Նման պահերին ցանկացած բառ միայն արժեզրկում է այն, ինչ տեղի է ունենում»,- ընդգծում է նա:
«Դավաճանությո՞ւն», թե՞ ընտրություն
Բժշկի խոսքով՝ ոմանք, ովքեր երբևէ չեն բախվել նման ցավի, ևս մեկ երեխա ունենալն ընկալում են որպես դավաճանություն զոհված որդու հանդեպ: Սակայն Բալայանը շեշտում է, որ այդ պատկերացումը որևէ կապ չունի իրականության հետ:
«Նման ծնողներին անհնար է չճանաչել: Նրանց մատնում են աչքերը, որոնցում ընդմիշտ մնում է կորստի ցավը: Այդ աչքերը հնարավոր չէ շփոթել»,- ասում է նա:
Այս դեպքում երեխա ունենալու որոշումը դառնում է կյանքին «այո» ասելու ձև: Իսկական դավաճանությունը, ըստ բժշկի, կլիներ հանձնվելը, հուսահատությանն ու ցավին տրվելը:
Միևնույն ժամանակ Բալայանն ընդգծում է, որ հատկապես ցավ են պատճառում հերթապահ արտահայտությունները, օրինակ՝ «կյանքը շարունակվում է»:
«Նրանց համար ամենասարսափելին հենց այն է, որ կյանքը շարունակվում է, բայց արդեն առանց իրենց որդու»,- հավելում է նա:
Ուստի կյանքի շարունակությունը, ըստ մասնագետի, չի կարելի բառերով պարտադրել, կարելի է միայն զգուշորեն ցույց տալ՝ քայլ առ քայլ, կողքին մնալով:
Երբ հասկանում ես` ինչ է հրաշքը
Բալայանը վերարտադրողաբանի մասնագիտությունն անվանում է «աշխատանք հրաշքի մասին», որովհետև բժիշկներն ուղեկցում են մանրադիտակի տակ գտնվող էմբրիոնից մինչև նորածնի առաջին ճիչը տանող ամբողջ ճանապարհին:
«Երբ բուժառուներն ուղարկում են առաջին ատամիկի կամ մանկապարտեզի առաջին օրվա լուսանկարները, անհնար է բառերով նկարագրել... Նման պահերին հատկապես պարզ ես հասկանում, թե ինչ է հրաշքը»,- ասում է նա:
Մասնագետը նշում է, որ իր աշխատանքի հիմքում ոչ միայն գիտելիքն է ու փորձը, այլև մարդասիրությունը՝ անկեղծ ցանկությունը անել հնարավոր ամեն բան, որ ևս մեկ կին վերագտնի կյանքի իմաստը։