Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը հիմա ֆավորիտ է․ ՀԱԿ փոխնախագահ

Լևոն Զուրաբյանը. Արխիվային լուսանկար
Զուրաբյանի կարծիքով՝ պետք է ընդդիմադիր դաշտում լայն համախմբում ստեղծել և մեկ միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ Նախընտրական այս շրջանում ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը ֆավորիտ է։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով՝ Հայ ազգային կոնգրեսը բանակցություններ է վարում նաև նրա ղեկավարած ուժի հետ։
«Եթե արդյունք լիներ, կասեի»,- ասաց Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ այսօր Կարապետյանն իր աջակիցների հետ ունի հնարավորություն՝ ստեղծելու համազգային համախմբում։
«Իրենցից է կախված, իրենք այդ աստեղային ժամի հնարավորությունն ունեն»,- կարծիք հայտնեց Զուրաբյանը։
Հավելեց, որ ՀԱԿ-ի կողմից կա ճկուն պատրաստակամություն՝ միասնական թիմ ստեղծելու ուղղությամբ։
Նրա կարծիքով՝ առհասարակ, ընտրություններում հաղթանակի համար պետք է լայն համախմբում ստեղծել՝ բոլոր իրատեսական, ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք կիսում են միևնույն գաղափարները՝ Հայաստանին իրական խաղաղություն բերելու, տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, պետք է միավորվեն և մեկ ցուցակով գնան ընտրության։
Հավելենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026–ի հունիսի 7–ին։ Հայ ազգային կոնգրեսն արդեն հայտարարել է, որ մասնակցելու են ընտրություններին, և նրանց վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։