Վթար Արագածոտնում. բախվել է 15 ավտոմեքենա, կան տուժածներ

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Եվս երկուսին արգելափակումից հանել են փրկարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-55-րդ կմ-երի հատվածում այսօր տեղի են ունեցել ՃՏՊ-ներ․ բախվել է ընդհանուր 15 տրանսպորտային միջոց, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` վթարների մասին ահազանգը Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 11։10–ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ»,–ասվում է ՆԳՆ–ի հաղորդագրության մեջ։
Ըստ shamshyan.com-ի` Արագածոտնի մարզում տեղի ունեցած ՃՏՊ–ների հետևանքով 10–ից ավելի տուժած կա։ Կայքը գրում է նաև, որ ճանապարհն ամբողջությամբ մառախլապատ է։