ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը կարծում է, որ 1956 թվականի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի կենսագրությանը նվիրված «Ոսկե դուբլ» ֆիլմը կգրավի հետխորհրդային երկրների հանդիսատեսի ուշադրությունը:
Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է հունվարի 26-ին: Սյուժեի առանցքում այն ժամանակաշրջանն է, երբ Սիմոնյանը, լինելով հայկական «Արարատի» մարզիչը, թիմն առաջնորդեց դեպի Խորհրդային Միության առաջնության և Գավաթի հաղթանակներ:
«Սիմոնյանը շփման մեջ, ընդ որում ոչ միայն ֆուտբոլի թեմայով, երբեք ոչ ոքի չի մերժել։ Շատ ցավալի է, որ մենք կորցրեցինք նման մարդու։ Մենք չհասցրեցինք պրեմիերան անցկացնել Նիկիտա Պավլովիչի կենդանության օրոք։ Քանի դեռ նա ողջ էր, մենք տեսակապով նրա հետ քննարկում էինք մրցախաղերի հետ կապված տարբեր դրվագներ։ Այս ֆիլմը հնարավորություն կտա հաղորդակից լինել մեր ֆուտբոլի հարուստ պատմությանը։ Ես վստահ եմ, որ այն կդիտեն ողջ հետխորհրդային տարածքում, քանի որ Նիկիտա Պավլովիչին սիրում էին ամենուր», - ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Միրզոյանը։
Ֆիլմը նկարահանել է հայ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։ Նա փորձել է վերստեղծել 1973 թվականի մրցախաղի մթնոլորտը, երբ «Արարատը» Կիևի «Դինամոյից» նվաճեց ԽՍՀՄ ակումբային չեմպիոնի կարգավիճակը։
Ֆիլմում նկարահանվել են Եգոր Բերոևը (Նիկիտա Սիմոնյանի դերում), ինչպես նաև Սոֆյա Դոնիանցը, Քսենյա Ալֆյորովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Ղազարովը, Դավիթ Հակոբյանը, Կոնստանտին Յուշկևիչը, Անատոլի Կոտենյովը, Եվգենի Բակալովը, Բաբկեն Չոբանյանը, Արման Նավասարդյանը և այլ դերասաններ:
Ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովը «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերային
© Sputnik / Кирилл Каллиников
/