Հայաստանում երեխան ընդունվել է միանգամից 4–րդ դասարան. ԿԳՄՍՆ–ի նոր որոշման հետքերով

Մինչ սահմանված ժամկետից ուշ դպրոց գնացած երեխաների ծնողները բողոքում են ԿԳՄՍՆ որոշումից, նախարարությունը ոչ միայն համաձայն չէ ծնողների բողոքների հետ, այլև գտնում է, որ նման օրենսդրական փոփոխությունը զսպող մեխանիզմ կդառնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Հայաստանում 2025-2026 ուսումնական տարում 777 երեխա սահմանված ժամկետից ուշ է դպրոց հաճախել, ընդունվելով ոչ թե առաջին, այլ միանգամից երկրորդ, երրորդ, մի դեպքում էլ` չորրորդ դասարան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նշենք, որ «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված պահանջով, տվյալ օրացուցային տարում վեց տարեկանը լրանալու դեպքում երեխան պետք է դպրոց հաճախի այդ տարվա սեպտեմբերից։ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած սահմանվել է, որ դպրոց ուշ հաճախող երեխաները, եթե չունեն մտավոր զարգացման լուրջ խնդիր, պետք է ընդգրկվեն իրենց տարիքային խմբին համապատասխան դասարանում։
Սակայն ինչպես ահազանգում են երեխաների ծնողները, այսպիսի մոտեցումը լուրջ խնդիրներ է առաջացրել ինչպես ուսումնական նյութի յուրացման, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից։ Երեխաներից շատերը պնդում են , որ իրենց մոտ ոչինչ չի ստացվում, իրենք չեն կարողանում կատարել իրենց տրված հանձնարարությունները:
Ծնողների բողոքների հիման վրա ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան Անահիտ Մանասյանն օրեր առաջ հրապարակել էր իր ուսումնասիրությունը, որից պարզ է դառնում, որ հանրակրթության մեջ միանգամից 2-րդ, 3–րդ դասարան ընդգրկված երեխաների մոտ առկա են վախի, անհանգստության, սեփական ուժերի նկատմամբ անվստահության զգացումներ, լացի, հուզական լարվածության դրսևորումներ, որոնք արտահայտվում են ուսումնական նյութի յուրացման և առաջադրանքների կատարման գործընթացում:
Սակայն ԿԳՄՍՆ–ից Sputnik Արմենիային տրված պարզաբանումից կարելի է եզրակացնել, որ նախարարությունը ոչ միայն համաձայն չէ ծնողների բողոքների հետ, այլև գտնում է, որ նման օրենսդրական փոփոխությունը զսպող մեխանիզմ կդառնա այն ծնողների համար, որոնք մտադիր են իրենց երեխաներին ուշ ուղարկել դպրոց։
Ըստ ԿԳՄՍՆ–ի` եթե նախկինում ամեն տարի սահմանված ժամկետից ուշ դպրոց հաճախող երեխաների թիվը շուրջ 3000-ի էր հասնում, ապա 2025-2026 ուսումնական տարում 382 հանրակրթական դպրոցներում միասին այդ ցուցանիշը եղել է 777։
«Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտի դրությամբ արձանագրվել է, որ սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունված 777 երեխաներից 95-ն ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, որոնցից 19-ի մոտ գնահատվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի 3-րդ աստիճան՝ ինտելեկտուալ (մտավոր) խնդիրներով պայմանավորված, ուստի վերջիններս տեղափոխվել են 1-ին դասարան: Երեխաներից 626-ը սովորում է երկրորդ դասարանում, 131 երեխա՝ 3-րդ դասարանում, 1 երեխա՝ 4-րդ դասարանում»,–հայտնել է նախարարությունը։
Նշվում է, որ դպրոցներում երեխաների համար կազմակերպվել է երկարօրյա ծառայություն, որը գործել է նաև աշնանային արձակուրդի ժամանակ։
Նախարարության տվյալներով` առաջին կիսամյակի ավարտին երեխաներից 400-ը ամբողջությամբ տառաճանաչ է և սովորում է համադասարանցիների հետ համընթաց: 174 երեխա ճանաչում է շուրջ 20 տառ, 86 երեխա՝ մինչև 5 տառ, որոնք հիմնականում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ են: 517 երեխա ճանաչում է թվերը, որոնցից 495-ը կարողանում է կատարել նաև թվաբանական գործողություններ:
«Նշված արդյունքները փաստում են, որ երեխաների շուրջ 80%-ը հաջողությամբ հաղթահարել է առաջին փուլի դժվարությունը և սովորում է իր հասակակիցներին համընթաց»,–եզրափակել է նախարարությունը։
Երեխաների համար ուսումնական գործընթացում նման փոփոխության հոգեբանական կողմը հասկանալու համար Sputnik Արմենիան զրուցեց հոգեբան Տաթևիկ Վաթյանի հետ։
Հոգեբանն առաջարկեց խնդրին այլ տեսանկյունից նայել. որքանով է ճիշտ, երբ 7-8 տարեկան երեխան գնա առաջին դասարան այն դեպքում, երբ իր հասակակիցները սովորում են 2-րդ, 3–րդ դասարանում։
«Սա տվյալ երեխայի համար հետընթաց է։ Եթե 6 տարեկան երեխան դանդաղ է մտածում կամ այդքան էլ հստակ չի խոսում, չի նշանակում, որ ծնողը երեխային չպետք է դպրոց տանի։ Ծնողների նման մոտեցումը շատ վտանգավոր է երեխաների համար։ Այնպես չէ, որ ես կողմ եմ այդ օրենքին, բայց նման ծնողական համայնքի պարագայում այսպիսի մոտեցումը զսպող մեխանիզմ կարող է լինել»,–ասաց հոգեբանը։
Նա չժխտեց, որ նման օրենսդրական փոփոխությունը երեխայի համար կարող է հոգեբանական խնդիրներ առաջացնել։ Երեխայի համար ցավալի է, որ իր դասընկերները կարդում են, իսկ ինքը տառերը չգիտի։ Երեխայի հետ այդ դժվարությունները հաղթահարելու ողջ ծանրությունն ընկնում է մանկավարժի ուսերին։
«Մանկավարժների մոտեցումը շատ կարևոր է։ Տարրական դասարանի երեխաների առանձնահատկությունն այն է, որ եթե մի երեխային մանկավարժն ասի` «վայ, ապրես», մյուս երեխաները այդ երեխայի հանդեպ կունենան դրական վերաբերմունք, և էական չի լինի, նա գիտի տառերը, թե ոչ»,–ասաց Վաթյանը։
Նա ընդգծեց, որ գուցե այս որոշմամբ նախարարությունը մանկավարժի ուսերին շատ ավելին է դնում, բայց դա նրա աշխատանքն է և հաջորդ տարի գուցե նման ծանրաբեռնվածության կարիք չլինի, եթե ծնողներն «ուշքի գան»։
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտեց, որ նման օրենսդրական փոփոխություններ չի կարելի կատարել միանգամից` առանց բոլոր ռիսկերը հաշվի առնելու, հատկապես այս դեպքում, երբ գործ ունեն երեխաների հետ։
Նրա խոսքով` ստեղծված իրականությունից դժգոհում են ոչ միայն երեխաների ծնողները, այլև, հավելյալ ծանրաբեռնվածության պատճառով, ուսուցիչները։ Մյուս կողմից, այն երեխան, որը գրել, կարդալ, հաշվել չգիտի ու միանգամից հայտնվում է 2-րդ կամ 3–րդ դասարանում, մեկուսանում է մյուս երեխաներից, քանի որ մյուսներն արդեն միմյանց սոցիալիզացվել են, ստեղծվել է այնպիսի միջավայր, որտեղ մյուս երեխաները կարողանում են ինքնադրսևորվել։
«Նման իրավիճակը բնականաբար ազդում է կրթության որակի վրա։ Այսինքն, առանց այդ էլ տարրական դասարաններում վատ վիճակում գտնվող կրթությունը ավելի վատ է դառնում, և ուսման առաջադիմությունը էապես ընկնելու է»,–ասաց Մխիթարյանը։
Նրա խոսքով` խնդիրը լուծելու համար պետությունն իր վրա պետք է պարտավորություն վերցնի և երեխային 6 տարին լրանալուն պես նրան ուղեկցի դպրոց, այլ ոչ թողնի ծնողի հայեցողությանը։ Մինչդեռ զարգածած երկրներում ծնողը երեխայի տարիքը լրանալուն պես նրան դպրոց չտանելու համար կարող է անգամ ծնողական իրավունքներից զրկվել։
«Ամենայն հավանականությամբ մյուս ուսումնական տարում ԿԳՄՍՆ–ն այս որոշումը պետք է «հետ ողորմյա» անի, բայց պետության վրա պարտավորություն լինի, որ յուրաքանչյուր երեխա 6 տարեկանից գնա դպրոց»,–ասաց նա։
Կրթության փորձագետը հույս ունի, որ եթե ոչ այս կառավարությունը, ապա հաջորդ կառավարությունը կլուծի այդ խնդիրը։