Դեմ եմ Հիշատակի օրը հունվարի 27-ին նշելուն, քանի որ սեպտեմբերի 27 կա. զոհվածի հայր

Վիգեն Ազատյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը չի մոտեցել Եռաբլուր այցելած ծնողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են՝ թույլ չտալու, որ Հայաստանի իշխանական վերնախավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մոտենա իրենց զավակների շիրիմներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարանդայում (Ֆիզուլի) զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։
Ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչները չմոտեցան «Արցախի կանչին». փոխնախարարի պատասխանը
Նրա խոսքով՝ իր համար անհասկանալի է, թե հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օրն ինչու է նշվում Հայոց բանակի կազմավորման օրից մեկ օր առաջ`հունվարի 27-ին, և ոչ թե սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։
«Մեզ համար բոլոր օրերն են խոնարհման օր, բայց դեմ եմ հունվարի 27-ին նշելուն, քանի որ սեպտեմբերի 27 գոյություն ունի։ Ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին պետական մակարդակով որևէ օր չի սահմանվում, չի՞ թողնում Ադրբեջանը»,– ասաց նա։
Վիգեն Ազատյանը պատմեց, որ Եռաբլուր այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ծնողներին չեն մոտեցել, 44-օրյա պատերազմում զոհված տղաների շիրիմներին՝ նույնպես։
Դեմ եմ Հիշատակի օրը հունվարի 27-ին նշելուն, քանի որ սեպտեմբերի 27 կա. զոհվածի հայր
Ի դեպ, իշխանական վերնախավի այցի ընթացքում «Եռաբլուրի» մուտքը փակ էր ուժայինների կողմից։ Ներս չեն թողել նաև լրագրողներին։
Հիշեցնենք` Հայաստանում այս տարվանից հունվարի 27–ը նշվում է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։