ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ փետրվարի 1-ին: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Մենք նախնական խոսել ենք այն մասին, որ թիմերը կրկին հանդիպեն կիրակի: Լավ կլինի, եթե հաջողվի արագացնել այդ հանդիպման [անցկացման] ժամկետները»,- ասել է Զելենսկին Telegram-ում հրապարակված տեսաուղերձում:
Զելենսկին լսել է Աբու Դաբիից վերադարձած ուկրաինական պատվիրակության զեկույցը: Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը հասցրել են քննարկել ռազմական բնույթի տարբեր հարցեր:
«Կան հարցեր, որոնք պետք է պատրաստվեն հաջորդ հանդիպման համար», - հավելել է նա:
Հիշեցնենք` հունվարի 23-ին Աբու Դաբիում կայացել են անվտանգության հարցերով եռակողմ խորհրդակցություններ, որոնք շարունակվել են հունվարի 24-ին։ Ռուսաստանի բանակցային խումբը գլխավորել է զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Ուկրաինական խումը գլխավորել է ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը: Հունվարի 24-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հաստատել է ընթացիկ շաբաթվա ընթացքում եռակողմ բանակցությունների նոր փուլ անցկացնելու ծրագրերը: