ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Ռուսաստանի սառեցված ակտիվներից 1 մլրդ դոլարը Խաղաղության խորհրդին փոխանցելու գաղափարը փոխգործակցության նոր հեռանկարներ է բացում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Դա, անշուշտ, փոխգործակցության նոր հորիզոններ է բացում։ Տեսնենք, դեռ արձագանք չկա», - ընդգծել է նա։
Պեսկովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ նախաձեռնությունն անվանել է «հետաքրքիր գաղափար»:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր ամերիկյան նախորդ վարչակազմի օրոք սառեցված ռուսաստանյան ակտիվներից 1 մլրդ դոլար Խաղաղության խորհրդին փոխանցելու պատրաստակամության մասին: Նախագահի խոսքով՝ նման որոշում կարող է ընդունվել՝ հաշվի առնելով նախաձեռնության միջազգային բնույթը և գլոբալ կայունության ամրապնդման հարցում Մոսկվայի շահագրգռվածությունը:
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ առանց ՌԴ համաձայնության ռուսական սառեցված ակտիվների հետ կապված ցանկացած գործողություն կդիտարկի որպես անօրինական, որը կհանգեցնի պատասխան միջոցների: