ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Անկարան ակնարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի գործող իշխանությունների պարտության դեպքում քաղաքականության վերանայման մասին: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հունվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Հայաստանում կայանալիք ընտրություններին և հայտարարել հետևյալը. «Մենք տեսնում ենք, որ ներկայում անցկացվող հանրային հարցումներում Փաշինյանն առաջատար է։ Մենք իսկապես աջակցում ենք այն կառուցողական դերին, որը նա տանում է։ Այդ գիծը, այդ կամքը պետք է շարունակվի»։
Հակոբյանի տեսանկյունից կարևոր են ոչ այնքան Ֆիդանի ասած բառերը, որքան այն, ինչի մասին նա չի խոսել։
«Երբ Ֆիդանը խոսում է այն մասին, որ իրենք (Թուրքիայում – խմբ.) աջակցում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղեգծին, «խաղաղության օրակարգին», ապա ակնարկում են, որ Անկարան կշարունակի օգնել ներկայիս իշխանություններին միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ի վիճակի են վերընտրվել։ Իսկ եթե հաղթեն այլ ուժեր, որոնք գնահատվում են որպես «ռևանշիստական», ապա Անկարայի և Բաքվի քաղաքականությունը կարող է փոխվել», – ասաց փորձագետը։
Ըստ քաղտեխնոլոգի, ասվածին որպես օրինակ կարող են ծառայել Բաքվի հայտարարությունները, թե ադրբեջանցիները պատրաստ են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» գալ մեքենաներով: Հայաստանում այլ ուժերի հաղթանակի դեպքում Անկարայի և Բաքվի հռետորաբանությունը կարող է փոխվել։
Քաղտեխնոլոգը չի բացառում, որ ընտրությունները մոտենալուն պես նման հայտարարությունները կհնչեն ավելի ուղիղ տեքստով:
«Ըստ էության, փորձելու են պաշտպանել Փաշինյանի այն թեզը, որ նա «խաղաղություն է բերում», իսկ մնացած բոլոր ուժերը «պատերազմի կուսակցություններ են», - ասաց Հակոբյանը:
Ընդ որում, փորձագետի կարծիքով, Ֆիդանը չէր կարող չհասկանալ, որ Նիկոլ Փաշինյանին ուղղակի աջակցելը ընդդիմության համար լրացուցիչ փաստարկ կլիներ, որպեսզի հայտարարեր, որ ներկայիս վարչապետը Հայաստանը վերածում է Թուրքիայի «պրոքսիի»:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «ռուսական կայսերական քարտեզներում չկա Սևանա լիճ, այլ կա Գյոյչա», և որ Հայկական ԽՍՀ-ում բնակվող ադրբեջանցիները «պետք է այնտեղ վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»: