ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նոր նորմեր է սահմանում դպրոցների, բժշկական կենտրոնների համար` թույլ տալով ավելացնել հարկայնությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ ամփոփելով 2025 թ. գործունեության արդյունքները:
«Երկրաշարժադիմացկուն շինարարական նորմերի սահմաններում ավելացրել ենք շենքերի–շինությունների հարկայնությունը, սակայն սահմանելով խիստ պահանջներ կոնստրուկցիաների նկատմամբ։ Օրինակ` եթե նախկինում նախադպրոցական հաստատությունները չէր կարելի 3 հարկից ավելի կառուցել, ապա նոր նորմերով սահմանել ենք, որ կարելի է 4 հարկ կառուցել, դպրոցները` մինչև 5 հարկ կառուցել, բժշկական հաստատությունները` մինչև 9 հարկ»,– հայտարարեց նա։
Ըստ կոմիտեի ղեկավարի` սա շատ կարևոր է հողային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու համար։
Վարդանյանը տեղեկացրեց, որ նոր նորմ են մշակել մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների վրա շինարարության գործոնի ազդեցությունը նվազեցնելու համար։ Այդպիսով սահմանվել է, թե ինչպես պետք է կահավորվեն շինհրապարակները, ինչպիսի գործիքներ ու սարքավորումներ պետք է օգտագործվեն, որ առավելագույն չափով նվազեցվի մթնոլորտային օդի աղտոտվածությունը կամ արտանետումները։
«Օրինակ` պահանջ է սահմանվել, որ շինհրապարակի ներսի ճանապարհները պետք է պատված լինեն բետոնե ծածկույթով, իսկ այն հատվածները, որոնք ճանապարհներ չեն ծառայում, ունեն հողային մակերես, պետք է խճապատված լինեն, որպեսզի շարժումների, քամիների ընթացքում փոշի չբարձրանա, արտանետումներ չլինեն, միջավայրը չաղտոտվի, չփոշոտվի»,– ընդգծեց պաշտոնյան։
Բացի այդ, կոմիտեն սահմանել է պարտադիր պայման` փոշեճնշիչ, փոշեզսպիչ և ջրային մառախուղ առաջնող սարքավորումների կիրառության համար` բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն դրանով։
Նրա խոսքով` բոլոր այս ստանդարտները վերցրել են միջազգային փորձից, որի արդյունքում շինարարության գործոնը մթնոլորտային աղտոտվածության հարցում կհասցվի նվազագույնի։
Ինչ վերաբերում է խցանումների խնդրի կարգավորմանը, ապա Վարդանյանն ասաց, որ այդ և օդի աղտոտվածության հարցով 20 առաջարկ են ներկայացրել ՀՀ կառավարությանը, որոնք մշակման փուլում են միջգերատեսչական հանձնաժողովում։