ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ֆրանսիական «Louis Vuitton» նորաձևության տունը Ռուսաստանում երկու ապրանքային նշան է գրանցել։ Խոսքը «Les Gastons Vuitton» հավաքածուի տարբերանշանի և «Heures D'absence» անվանման մասին է, որը նախատեսված է ոսկերչական իրերի և աքսեսուարների համար։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գրանցման հայտերը Ռոսպատենտին էին ներկայացվել 2025 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայից՝ «Լուի Վյուիտոն Մալըտիե» (Louis Vuitton Malletier) ընկերության կողմից։ Ապրանքային նշանների պետական գրանցման գործընթացն ավարտվել է 2026 թվականի հունվարին։ Բացառիկ իրավունքների գործողության ժամկետը սահմանվել է մինչև 2035 թվականի հոկտեմբերի 1-ը։
Գերատեսչության բազայի տվյալների համաձայն՝ ապրանքային նշանները գրանցվել են Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) 9-րդ և 14-րդ դասերով։ Այս դասերն ընդգրկում են օպտիկական իրեր մեծահասակների և երեխաների համար, տեսալսողական և տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումներ, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված կամ դրանցով պատված իրեր, այդ թվում՝ ոսկերչական զարդեր, բիժուտերիա, ժամացույցներ և դրանց բաղկացուցիչ մասեր։
Հիշեցնենք, որ ֆրանսիական LVMH հոլդինգը ռուսական շուկայից հեռանալու մասին հայտարարեց 2022 թվականի մարտի 7-ին։ Այդ որոշման շրջանակում փակվեցին նաև «Sephora» կոսմետիկայի ցանցի խանութները։ 2022-ի հուլիսին հայտնի դարձավ, որ «Sephora»-ի ռուսաստանյան ստորաբաժանումը վաճառվել է գլխավոր տնօրեն Եվգենի Դրոզդովին։ Արդեն հոկտեմբերին խանութները վերսկսեցին աշխատանքը «Իլ դը Բոտե» ապրանքանիշով, որը նախկինում պատկանում էր LVMH-ին։