Գործադուլավորների փոխարեն արդեն հնդիկներ են բերել Ախթալա. ինչ քայլեր է անում արհմիությունը

Գործադուլ հայտարարած 52 հանքափորներ արդեն աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին ծանուցումներ են ստացել. կոմբինատի ղեկավարությունը չի ցանկանում ընդառաջ գնալ աշխատակիցների պահանջներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik․ Հունվարի 26-ին համապատասխան դիմում է ներկայացվելու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատանքը կասեցնելու և հանքի շահագործման լիցենզիան հետ կանչելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ասաց Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը։
«Երկրորդ պահանջն ուղղվելու է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչությանը՝ վարույթ սկսելու և դրա հիման վրա փաստեր հավաքագրելու, որ նման պայմաններով աշխատանք հնարավոր չէ իրականացնել, աշխատանքները պետք է կասեցվեն, պայմանները կարգավորվեն, միայն դրանից հետո աշխատանքը վերսկսվի»,- ասաց Փահլևանյանը։
Հունվարի 21-ին հայտնել էինք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մի քանի տասնյակ աշխատակիցներ շուրջ 1 շաբաթ է՝ գործադուլ են անում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձն ու բարելավել ձեռնարկության աշխատանքային պայմանները: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Օլեգ Դուլգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ գործադուլին միացել են մոտ 50-60 աշխատակիցներ։
Էդուարդ Փահլևանյանի խոսքով՝ այս պահին գործադուլ են անում 52 հանքափորներ, սակայն այլ արտադրամասերի աշխատակիցներ ևս պատրաստակամություն են հայտնել միանալու գործադուլին՝ աշխատանքային պայմանների բարելավման պահանջով։ Փահլևանյանը նշեց՝ նախօրեին այցելել է կոմբինատ՝ ղեկավարության հետ հանդիպելու և աշխատակիցների պահանջի շուրջ բանակցություններ անցկացնելու համար, սակայն կոմբինատի ղեկավարությունն ընդառաջ չի գնացել ու այդպես էլ չի հանդիպել իր հետ։
«Ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի՝ ես պատշաճ ձևով էլեկտրոնային փոստով դիմել եմ Ախթալայի ԼՀԿ-ի ղեկավարությանը՝ բանակցելու և աշխատանքային վեճը հանգուցալուծելու համար։ Որևէ արձագանք չստացա, բայց երեկ առավոտից այնտեղ էի, աշխատակիցների հետ հանդիպեցի։ Գրավոր դիմել էին ինձ, որ միությունը ներկայացնի և պաշտպանի նրանց աշխատանքային շահերը»,- ասաց Փահլևանյանը։
Նրա խոսքով՝ հանքափորներն աշխատում են անմարդկային պայմաններում, պատկերավոր ասած՝ ծնկից ներքև ցեխ ու ջրի մեջ են, այդ պայմաններում ժամեր են անցկացնում՝ ծանր աշխատանք կատարելով։
«Գործատուի նման պահվածքն անթույլատրելի է. նա վտանգում է աշխատողների առողջությունն ու կյանքը։ Ով ուզում է լինի, պետք է աշխատակիցների առողջության և անվտանգության պայմանները, ստանդարտները պահպանվեն։ Եթե պայմանները բավարար չեն, հանքը պետք է փակվի և լիցենզիան կասեցվի»,- ասաց Փահլևանյանը։
ԶՊՄԿ-ում բողոքի ակցիաների գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել. Քննչական կոմիտե
Նրա խոսքով՝ այսպիսի պայմաններում աշխատող 52 հանքափորներ պահանջում են իրենց կատարած աշխատանքին համապատասխան վարձատրություն։ Ըստ նրա՝ վճարումը գործարքային է՝ կախված է կատարած աշխատանքի ծավալից։ Միջին աշխատավարձը 300-400 հազար դրամ է, որոշ ամիսների կարող է հասնել 700-800 հազարի, բայց շատերը նաև 150-200 հազար դրամ են ստանում։ Աշխատանքային պայմաններն այնքան ծանր են, որ որևէ բան չի կարող փոխհատուցել առողջությանը հասցված վնասը։
Երեկ Փահլևանյանը տեսել է, որ գործադուլ հայտարարած աշխատակիցների փոխարեն կոմբինատի ղեկավարությունը բերել է հնդիկների։ 52 հանքափորներն արդեն ծանուցումներ են ստացել, որ իրենց հետ աշխատանքային պայմանագրերը լուծարվելու են։
Նշենք, որ Sputnik Արմենիային նույնպես մինչ այս պահը չի հաջողվել ստանալ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ղեկավարության մեկնաբանությունը։