ԵՄ–ն փորձում է փրկել դիմագիծը, բայց ուշ է. միջազգայնագետը` Թրամփի ծրագիրը մերժելու մասին

ԵՄ-ն, ըստ Գրիգոր Բալասանյանի, կորցրեց իր դիմագիծը, երբ չփորձեց որևէ կերպ դիմադրություն ցույց տալ Թրամփին, ու երբ ուկրաինական հարցով ֆինանսական ամբողջ բեռը Եվրոպայի ուսերին մնաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik․ Եվրամիությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, ըստ էության, դեմարշ ձեռնարկեց, երբ ԵՄ առանցքային երկրները չմիացան Թրամփի կողմից հիմնադրված Խաղաղության խորհրդին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։ Նրա կարծիքով՝ սա երկար չի տևի, և ամերիկյան առաջնորդը վաղ թե ուշ «կսեղմի» նրանց։
Հունվարի 22-ին Դավոսում Թրամփը և ևս 18 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ստորագրել են Գազայի հարցով Խաղաղության խորհրդի կանոնադրությունը: ԵՄ երկրներից նախաձեռնությանը միացել են միայն Հունգարիան և Բուլղարիան։
Գրիգոր Բալասանյանի կարծիքով՝ այսպես եվրոպացիներն իրականում փորձել են ցույց տալ իրենց սուբյեկտայնությունը, Թրամփին հասկացնել, որ պահպանում են քաղաքական ինքնուրույնություն, սակայն հաջորդ նիստին արդեն կտեսնենք ԵՄ բոլոր առանցքային երկրներին։
«Թրամփը բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում եվրոպացիների նկատմամբ։ Իսկ նման վերաբերմունքի վառ օրինակ էր 2025 թվականի նոյեմբերին ընդունված ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը։ Այնտեղ, ի թիվս այլնի, խոսվում էր ժողովրդավարության սպառնալիք ներկայացնող եվրոպացի բյուրոկրատների մասին։ Ինձ թվում է՝ ԵՄ-ն սկսեց կորցնել իր դիմագիծը, երբ որոշեց չդիմադրել Թրամփի քայլերին ու նախաձեռնություններին։ Հիմա փորձում են փրկել դիմագիծը, բայց արդեն ուշ է»,- ասաց փորձագետը։
Ըստ նրա՝ ԵՄ-ն կորցրեց իր դիմագիծը, երբ չփորձեց ավելի վաղ որևէ կերպ դիմադրություն ցույց տալ Թրամփին, ու երբ ուկրաինական հարցով ֆինանսական ամբողջ բեռը Եվրոպայի ուսերին մնաց։
Թրամփը դարձավ Խաղաղության խորհրդի նախագահ. Փաշինյանը հիմնադիրներից մեկն է
Ինչ վերաբերում է Խաղաղության խորհրդին, ապա մեր զրուցակիցը կարծում է, որ Թրամփն իրականում փորձում է տիրապետության տակ վերցնել ամբողջ երկագունդն ու ստեղծում է ՄԱԿ-ի այլընտրանքային կամ հակակշիռ կառույց, որը կզբաղվի ոչ միայն Գազայի հարցերով: ԱՄՆ նախագահը միաժամանակ հետաքրքիր մոտեցում է ցուցաբերում՝ ով խաղաղություն է ուզում, պետք է վճարի 1 մլրդ դոլար (խոսքը մշտական հիմունքներով անդամակցության մասին է– խմբ․)։ Այստեղ լուծվելու են այնպիսի հարցեր, որոնք չեն կարող լուծվել, օրինակ, ՄԱԿ-ի շրջանակներում, բայց կարող են լուծվել՝ շրջանցելով ՄԱԿ-ը։
«Այս նախաձեռնությունն արձանագրում է, որ միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերն այլևս չեն գործում։ Այդ հարաբերություններում գործում է ուժեղի իրավունքը, և ԱՄՆ նախագահն ինքն է դա ապացուցել։ Եթե ինչ-որ պետություն ցանկանում է ինչ-որ հարցեր լուծել իր տարածաշրջանում, կարող է դիմել Թրամփին, ինդուլգենցիա ստանալ նրանից»,- նշեց միջազգայնագետը։
Նրա համար այս համատեքստում առավել քան անհասկանալի է, թե այդտեղ ինչ գործ ունի Հայաստանը, քանի որ «ուժն է ծնում իրավունք»-ի բոլոր տեսանկյուններից Հայաստանը պարտվող և պարտված է։ Կարծում է՝ Հայաստանին ուղղակի հրավիրել են կամավոր պարտադիր սկզբունքով գնալ, մասնակցել, նստել Թրամփի կողքին՝ վերահաստատելու ԱՄՆ նախագահի այն պնդումները, թե իր 356 հաղթանակներից 1-ն էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է, և այն, ինչը մարդիկ չկարողացան 30 տարում անել, ինքը 30 րոպեում արեց։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը