Վրաստանը պատրաստվում է BBC-ի հետ վեճը շարունակել միջազգային դատարանում. վարչապետ

Ավելի վաղ BBC-ն նյութ էր տարածել, որում պնդվում էր, որ 2024 թվականին Վրաստանում հակակառավարական ցույցերը ճնշելու ընթացքում Վրաստանի իշխանությունները, հնարավոր է, «կամիտ» քիմիական նյութ են օգտագործել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունը պատրաստ է դիմել բրիտանական կարգավորող մարմիններին և միջազգային դատական ատյաններին, եթե BBC-ն չարձագանքի Թբիլիսիում բողոքի ցույցերը ցրելու ժամանակ քիմիական նյութերի ենթադրյալ օգտագործման մասին իր հրապարակման հետ կապված բողոքին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ BBC-ն նյութ էր տարածել, որում նշվում էր, թե 2024 թվականին Վրաստանում հակակառավարական ցույցերը ճնշելու ընթացքում Վրաստանի իշխանությունները «կամիտ» քիմիական նյութ են օգտագործել։ Հրապարակումից հետո Վրաստանի պետանվտանգության ծառայությունը համապատասխան հետաքննություն է սկսել։ BBC-ին պաշտոնական բողոք է ուղարկվել հունվարի կեսերին։
«Մենք բողոք ենք ներկայացրել և արձագանքի ենք սպասում: Եթե BBC-ն հարկ եղած ձևով չարձագանքի, մենք կշարունակենք գործընթացը ինչպես բրիտանական կարգավորող մարմիններում, այնպես էլ միջազգային դատական ատյաններում», – «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կոբախիձեն՝ ընդգծելով, որ BBC-ի հոդվածը հիմնված է ոչ հավաստի տեղեկությունների վրա։
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն ավելի վաղ հայտարարել էր, որ իրավապահ մարմինները 2024 թվականին բողոքի ցույցերը ցրելիս քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող նյութեր չեն օգտագործել: Պետանվտանգության ծառայությունն իր հերթին հայտնել էր, որ ոստիկանությունը տարիներ շարունակ օգտագործել է ստանդարտ CS արցունքաբեր գազ, որը հայտնի է «Սիրեն» անվանումով։
Հիշեցնենք` Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին 2024 թվականի նոյեմբերի 28-ից, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։ Անկարգությունների ընթացքում ցուցարարները քարեր, շշեր (այդ թվում հրկիզող խառնուրդով) և ճայթռուկներ նետեցին խորհրդարանի շենքի վրա, իսկ դեկտեմբերի 1-ի գիշերը հրդեհ կազմակերպեցին: Ուժային կառույցներն ի պատասխան հատուկ միջոցներ կիրառեցին, այդ թվում՝ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Բողոքի ցույցերը ցրելուց հետո ցուցարարները սկսեցին սոցցանցերում գրել, որ առողջական խնդիրներ ունեն։