Նարեկ Սամսոնյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց

Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն այս պահին գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ հունվարի 22-ին Նարեկ Սամսոնյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ նա բժշկի ցուցումով դադարեցրել էր 14 օր առաջ հայտարարած հացադուլը, սակայն որոշ ժամանակ անց նրան կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, և նա հայտարարել էր, որ շարունակում է հացադուլը։
«Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն այս պահին արդեն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է: Նրա առողջական վիճակի, իրավական ընթացակարգերի և հետագա ընթացքի մասին դեռ առիթ կլինի խոսել, սակայն արձանագրենք, որ Նարեկի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են` իրենց ծանր ու անկանխատեսելի հետևանքներով»,–գրել է Աբրահամյանը։
Ավելի ուշ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան։ Բժշկական անհրաժեշտ միջամտություն է իրականացվում՝ Սամսոնյանին նախապատրաստելու վիրահատությանը։
Մելիքյանը նաև հայտնել է, որ այսօր բողոքարկել է Սամսոնյանի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին դատավոր Մանվել Շահվերդյանի որոշումը, ինչպես նաև նախապատրաստում է նոր հանգամանքների ուժով նրա կալանքը վեանայելու միջնորդություն։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքը։
Հունվարի 9–ին Նարեկ Սամսոնյանը հացադուլ է հայտարարել։