ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. 2025 թվականի ընթացքում Հայաստանում շուրջ 400 խաղալիք է ոչնչացվել։ 2025 թ. իրենց աշխատանքների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:
Նա նշեց, որ խաղալիքների, ցածրաոլտ սարքավորումների, երեխաների և դեռահասների համար արտադրանք, չափումների միասնականության ապահովման ոլորտներում հիմնական ռիսկը պայմանավորված է առանց մակնշման և համապատասխանության փաստաթղթերի ուղեկցությամբ արտադրանքները շուկայում վաճառելու հանգամանքով։
Կոտոլյանի խոսքով` 111 ստուգում է անցկացվել, և 83 անհամապատասխանություն է հայտնաբերվել։
Ոլորտի 14 տնտեսվարողի ներկայացրած խաղալիքներից վերցվել է 21 փորձանմուշ, որից 4–ում հայտնաբերվել է անվտանգության ցուցանիշների խախտում։
«Փորձաքննությունն իրականացվել է տեսչական մարմնի լաբորատորիայում, և արդյունքում ոչնչացվել է շուրջ 400 խաղալիք»,– ասաց տեսչական մարմնի ղեկավարը։
Նա ընդգծեց, որ այսպիսի փորձաքննություն Հայաստանում կիրառվել է առաջին անգամ, և դա շարունակական է լինելու նաև 2026 թվականին։