ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի սրտի վիրահատությունն ավարտվել է։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վագիֆ Խաչատրյանին վիրահատում են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։
«Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք»,- գրել է Ավանեսյանը։
Նախարարն ընդգծել է, որ Վագիֆ Խաչատրյանի վիճակը գնահատվում է կայուն՝ կրած վիրահատության ծավալին համապատասխան։
Ավանեսյանը շուտափույթ ապաքինում է մաղթել նրան։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին 2023թ–ի հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։ Բաքվի դատարանը 2023 թվականի նոյեմբերին նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման։
2025 թվականի հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերի, այդ թվում` Վագիֆ Խաչատրյանին: