ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա շարունակում է իր հացադուլը։ Տեղեկությունն ուղիղ եթերում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ հունվարի 22-ին Նարեկ Սամսոնյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ նա բժշկի ցուցումով դադարեցրել էր հացադուլը։
«Նա փաստացի շարունակում է հացադուլի մեջ մնալ, չի համաձայնում վերականգնողական միջամտության որևէ այլ տեղում, քան հիվանդանոցն է։ Նա ընտրել էր «Իզմիրլյան» ԲԿ-ն, քանի որ մինչ այդ էլ այնտեղ բուժվել է, դեկտեմբերին էլ պետք է վիրահատվեր, բայց կալանքի պատճառով հնարավոր չի եղել»,- նշեց Մելիքյանը։
Նրա խոսքով՝ Սամսոնյանը բժշկի հորդորով գրավոր հայտնել էր, որ հացադուլից դուրս է գալիս, որպեսզի կարողանա վերականգնողական թերապիա անցնել։ Ըստ փաստաբանի՝ Նարեկ Սամսոնյանից միայն արյան անալիզ են վերցրել՝ հետազոտություն անելու համար, ու նրան կրկին վերադարձրել են ՔԿՀ։ Փաստաբանին որպես պարզաբանում հայտնել են, որ հետազոտության արդյունքները ներկայացնելուց հետո, հունվարի 23-ին կդիտարկվի բուժկենտրոն վերադարձնելու հարցը։
«Նարեկը ԲԿ-ում նաև հայտնել է, որ հրաժարվում է որևէ միջամտությունից բուժհաստատությունում՝ քանի դեռ նրան հնարավորություն չի տրվել լինել իրեն բուժող բժշկի հսկողության տակ։ Փաստացի նա շարունակում է հացադուլը։ Մենք էլ հույս ունենք, որ վաղն արդեն նրան կբերեն «Իզմիրլյան» կենտրոն՝ այն ցուցումով, որ Նարեկը պետք է անցնի վերականգնողական թերապիա, ինչին էլ անմիջապես կհետևի հետազոտությունների իրականացումը։ Լուրջ միջամտություններ են ենթադրվում, իսկ օրգանիզմը պետք է պատրաստ լինի դրան»,- ասաց Մելիքյանը։
Ըստ նրա՝ այս բոլոր գործողություններից հետո միայն հնարավոր կլինի վիրահատել Նարեկ Սամսոնյանին։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքը։
Հունվարի 9–ին Նարեկ Սամսոնյանը հացադուլ է հայտարարել։